«Չնայած և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում հայագիտության ու վրացագիտության ոլորտներում հսկայական գործ է արվել, սակայն ներկայիս աշխարհում զգալիորեն ավելացել են նաև հակագիտական դրսևորումներն այս ոլորտներում»

Մեկնարկեց հայ-վրացական պատմական ու մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված «Armeno-Georgica․ հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսը։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը, Հիմնադրամի անունից ողջունելով Կոնգրեսի մասնակիցներին, նշեց, որ Երևանում նման մասշտաբների հայ-վրացական համատեղ կոնգրես կազմակերպվում է առաջին անգամ։

«Մեզ համար էական նշանակություն ունի մեր բարեկամ ժողովրդի պատմության ուսումնասիրումը, որը բխում է նախևառաջ մեր երկու պետությունների շահերից։ Չնայած և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում հայագիտության և վրացագիտության ոլորտներում հսկայական գործ է կատարվել, սակայն ներկայիս աշխարհում զգալիորեն ավելացել են նաև հակագիտական դրսևորումներն այս ոլորտներում, ուստի՝ այդ հարցերի քննարկումը, վերհանումը օգտակար կլինի պատմական իրադարձությունների օբյեկտիվ գնահատման և գիտական համագործակցության էլ ավելի խորացման առումով»,- ընդգծեց Ռ․ Ղազարյանը։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Ողջունելով հյուրերին և Կոնգրեսի մասնակիցներին՝ Ս․ Հայոցյանը նշեց, որ Գիտության կոմիտեի ջանքերով և Շոթա Ռուսթավելիի անվան Վրաստանի ազգային գիտական հիմնադրամի հետ հայ-վրացական միջպետական գիտական համագործակցությանը սկիզբ է դրվել դեռևս 2022 թվականից։ «Նշված ժամանակահատվածից ի վեր` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Շոթա Ռուսթավելիի անվան հիմնադրամի համաֆինանսավորմամբ աջակցություն ստացել և իրագործվել են տասից ավելի համատեղ ծրագրեր։ Այդ համագործակցության արտահայտումներից մեկն էլ «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսն է»,-իր խոսքում նշեց Ս․ Հայոցյանը։

«Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, հանդես է գալիս ոչ թե որպես պարզապես աջակցող կողմ, այլ՝ որպես գիտությունն իր հոգածության տակ առած ուղղակի ներդրող․ այս պարագայում՝ հայ-վրացական գիտական այս միջոցառման երկկողմ կազմակերպման, հայագիտության ու կովկասագիտության, Հայաստանի ու Վրաստանի հազարամյա առնչությունների քննության, պատմության և մշակույթի դարավոր ավանդույթների ուսումնասիրության հետևողական աջակից»,- իր խոսքում նշեց Ս․ Հայոցյանը՝ հույս հայտնելով, որ այս միջոցառմամբ սկիզբ կդրվի պատմագիտության ոլորտում և մասնավորապես՝ հայագիտական, վրացագիտական ու մի փոքր ավելի լայն` կովկասագիտական թեմատիկայով մեր գիտնականների համագործակցությանը:

 

 

Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն․Գ․ պարոն Աշոտ Սմբատյանը, ողջունելով Կոնգրեսի մասնակիցներին, նշեց, որ հայերն ու վրացիները դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ նույն տարածաշրջանում, շատ հաճախ դիմակայել են պատմական նույն մարտահրավերներին, կիսել պատմական շատ բախտորոշ ժամանակաշրջաններ, ստեղծել մշակութային արժեքներ, հաղորդակցվել և փոխազդել են միմյանց հետ։ Ընդգծելով հայ-վրացական դարավոր կապերը՝ դեսպանը նշեց, որ այդ կապերի խորության մասին վկայվում են ոչ միայն պատմական տարեգրություններում կամ դիվանագիտական փաստաթղթերում, այլ դրանց կենդանի վկայություններն են մեր քաղաքները, եկեղեցիներն ու վանքերը, ձեռագրերը, գրականությունն ու արվեստը, կրթական ու ընտանեկան ավանդույթները, մարդկային պարզ հարաբերությունները։ «Այսօր այս բազմադարյա հիմքի վրա կառուցված հարաբերություններն ունեն նաև հստակ քաղաքական և ինստիտուցիոնալ ձևակերպում։ Կարելի է վստահորեն արձանագրել, որ հայ-վրացական հարաբերություններն այսօր գտնվում են իրենց զարգացման բարձր մակարդակում»,- արձանագրեց դեսպանը։

ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Սահմանակից երկրների վարչության Վրաստանի բաժնի պետ Սասուն Հովհաննիսյանն իր ելույթում խոսեց հայ և վրաց ժողովուրդների միջև դարերի պատմություն ունեցող սերտ փոխառնչությունների մասին։ «Վստահ եմ, որ Կոնգրեսի շրջանակներում կայանալիք գիտական քննարկումները կարևոր նշանակություն կունենան տարածաշրջանային պատմամշակութային գործընթացների լուսաբանման համար, ինչպես նաև՝ հայագիտության և վրացագիտության միջև ակադեմիական համագործակցության ինստիտուցիոնալ խորացման գործում»,-նշեց Ս․ Հովհաննիսյանը։

Ողջունելով Կոնգրեսի մասնակիցներին և ներկաներին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ Կոնգրեսի թեմաների բազմազանությունը թույլ է տալիս ընդգծել հայ-վրացական հարաբերությունների խորքայնությունը, պատմական հարուստ ժառանգությունը, հազարամյա պատմությունը, երկու ժողովուրդների հարաբերությունները։ «Վրաստանում հայկական մեծ համայնքի առկայությունը, պատմական ժառանգությունը թույլ են տալիս հիմքեր ստեղծել հարաբերությունների հետագա զարգացման համար և ցույց տալ գիտական այն խորքայնությունը, որը կա երկու ազգերի գիտական շրջանակների միջև»,-ասաց Հ․ Ալեքսանյանը։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Պավել Ավետիսյանի ուղերձում մասնավորապես ասված էր, որ հայ-վրացական պատմական փոխառնչությունները հնարավոր չէ ամբողջությամբ հասկանալ մեկ ժամանակաշրջանի կամ մեկ գիտակարգի շրջանակում․ դրանք դարերի ընթացքում ձևավորված քաղաքական, մշակութային, կրոնական, տնտեսական և հասարակական փոխազդեցությունների ամբողջություն են։

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Ջաբա Սամուշիայի ուղերձը «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի և Թբիլիսիի պետական համալսարանի միջև խոր արմատներ ունեցող ինստիտուցիոնալ գործընկերության կարևոր արդյունքի մասին էր։ Ուղերձում ընդգծված էր, որ կողմերի նպատակն է հասնելու երեք կարևոր հանգրվանի՝ տարածաշրջանային պատմագրության զարգացում, ինստիտուցիոնալ կապերի ամրապնդում, ընդհանուր ժառանգության համատեքստավորում։

«Մեր նպատակն է ոչ միայն վերապատմել անցյալը, այլև՝ քննադատաբար վերլուծել խորքային պատմական այն կապերը, որոնք միավորում են վրաց և հայ ժողովուրդներին»,- իր ելույթում նշեց Իվանե Ջավախիշվիլիի անվան Պատմության և ազգաբանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գիորգի Ճեիշվիլին:

Կոնգրեսի հայեցակարգին, թեմատիկ կառուցվածքին և աշխատանքային ձևաչափին անդրադարձավ Հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ, դոցենտ Գոռ Մարգարյանը։ Կարևորելով հայ և վրաց հասարակությունների միջև փոխընկալման ու ճանաչման մակարդակը և շեշտելով դարավոր բարեկամության փաստը՝ Գ․ Մարգարյանը նշեց, որ գիտական այս խոշոր միջոցառումը նվիրված չէ միայն պատմագիտական հարցերի քննությանը, այլ պատմագիտական հարցերի քննությամբ այս գիտաժողովը նպատակ ունի իր ավանդը բերելու ոչ միայն հայագիտության, վրացագիտության, կովկասագիտության ու հարակից գիտությունների մեջ, այլև էլ ավելի բարձրացնելու մեր հասարակությունների միջև փոխընկալման ու ճանաչման մակարդակը։ «Որովհետև երբ հարցը քննվում է գիտական դաշտում՝ փաստերի շուրջ և երկու կողմի մասնակցությամբ, այն դադարում է բանավեճի առարկա դառնալ հասարակական դաշտում»,- շեշտեց վերլուծաբանը։

Զեկուցումներով հանդես եկան Կոնգրեսի մասնակիցներ ոչ միայն Հայաստանից և Վրաստանից, այլև՝ Լեհաստանից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չեխիայից, Բուլղարիայից:

Միջազգային կոնգրեսն իր աշխատանքները կշարունակի մինչև սեպտեմբերի 4-ը։

Նշենք, որ Կոնգրեսը կազմակերպել են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ու Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը։
Հաջորդ համաժողովը նախատեսվում է անցկացնել երկու տարի հետո Վրաստանում։

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment