Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ գործի ընդդատության հարցը լուծելու նպատակով։
Դիմումը ներկայացվել է Քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, հայտնում է «Փաստինֆոն»:
Նշված հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ վարույթն ըստ ընդդատության ստացած դատարանը մինչև նախնական դատալսումներ նշանակելը կարող է որոշմամբ վիճարկել դրա ընդդատությունը։ Նման դեպքում վարույթի ընդդատության հարցը հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի որոշմամբ։
Երևանի քրեական դատարանն Արմավիրի մարզի դատարանից գործն ընդդատության կարգով ստացել է սեպտեմբերի 1-ին՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուշանյանի՝ օգոստոսի 28-ին կայացրած որոշմամբ։ Դատավոր Ռուշանյանը վարույթը ստանձնել էր օգոստոսի 14-ին։
Դրանից առաջ գործը հանձնված է եղել նույն դատարանի մեկ այլ դատավորի՝Մանուկյանին։ Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քրեական գործով ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում է կայացրել։