Սարատովի մարզում մահափորձ է իրականացվել ՌԴ օդատիեզերական ուժերի գեներալի դեմ․ Ուկրաինան նրան կասկածում է ռազմական հանցագործությունների մեջ

Քաղաքականություն

03.09.2026 | 17:53

Ռուսաստանի Սարատովի մարզում մահափորձ է իրականացվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սպայի դեմ։ Այս մասին հայտնում են ուժային կառույցներին մոտ  կանգնած տելեգրամյան ալիքները՝ Mash-ը, Baza-ն և Shot-ը, փոխանցում է Meduza-ն։ Տուժածը ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Քննչական կոմիտեն զինվորականի կյանքի դեմ մահափորձի փաստով քրեական գործ է հարուցել, գրում է ՏԱՍՍ-ը։

«Досье шпиона»  տելեգրամյան ալիքը պնդում է, որ տուժածը գեներալ-մայոր Նիկոլայ Վարպախովիչն է՝ ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի հեռահար ավիացիայի 22-րդ ծանր ռմբակոծիչ ավիացիոն դիվիզիայի հրամանատարը։ Պաշտոնապես այս տեղեկությունը հաստատված չէ։

Մահափորձը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ի առավոտյան։ Հարձակվողը մոտոցիկլետով մոտեցել է Էնգելս քաղաքից ոչ հեռու գտնվող Պրոբուժդենիե ավանում գտնվող տանը։ Նա երկու անգամ ատրճանակից կրակել է Վարպախովիչի ուղղությամբ, ապա դիմել է փախուստի։

Մեկ փամփուշտ դիպել է տուժածի որովայնին, երկրորդը՝ գլխին։ Դրանք հեռացվել են հիվանդանոցում։ Այժմ զինծառայողին պատրաստում են Մոսկվա տեղափոխելու համար։ Վիրավորվել է նաև սպայի վարորդը, սակայն նրան հաջողվել է փախչել, որից հետո նա կարողացել է շտապօգնություն կանչել։

Օգոստոսի 31-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և երկրի գլխավոր դատախազության գրասենյակը հայտնել էին Նիկոլայ Վարպախովիչի նկատմամբ հեռակա կարգով կասկածի մասին։ Քննության վարկածով՝ հենց նա է տվել 2024 թվականի հուլիսի 8-ին Կիևի «Օխմատդետ» մանկական հիվանդանոցին հրթիռային հարված հասցնելու մարտական հրամանը։ Հարձակման պահին այնտեղ էին գտնվում ավելի քան 600 հիվանդ և մոտավորապես նույնքան աշխատակից։ Երկու մարդ զոհվել էր։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment