«Պարզեցված մաքսային միջանցք»` հայ-իրանական սահմանին
Օրինապահ տնտեսվարողների համար մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների պարզեցված ընթացակարգերի կիրառման, ապրանքների տեղափոխման գործընթացների դյուրացման նպատակով իրանական կողմից ստացվել է առաջարկ` հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման վերաբերյալ և համապատասխան նախագիծ՝ այդ նպատակի իրագործման համար։
Նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին վաղը գործադիր մարմնի նիստում պարզաբանումներ կներկայացնի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նախատեսվում է, որ «Պարզեցված մաքսային միջանցքի» կիրառման նպատակով Կողմերը, մինչ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների՝ մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելը, էլեկտրոնային եղանակով տեղեկություններ են փոխանակելու ապրանքների, տրանսպորտային միջոցների եւ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, այդ թվում՝ բեռնափոխադրողների և նրանց աշխատակիցների վերաբերյալ՝ արձանագրությամբ սահմանվող պայմաններին համապատասխան։ «Պարզեցված մաքսային միջանցքը» նախատեսվում է կիրառել նրանց նկատմամբ, որոնց գործունեությունը բնորոշվում է մաքսային օրենսդրության խախտման ցածր ռիսկայնությամբ։
Պարզեցումները կիրառվելու են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների եւ բոլոր տեսակի ապրանքների համար՝ հայաստանյան և իրանական այն Սուբյեկտների նկատմամբ, որոնք կօգտվեն «Պարզեցված մաքսային միջանցքից» կամավորության սկզբունքով։ «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման և գործարկման համատեքստում էական նշանակություն ունի նաև Մեղրիի սահմանային անցման կետի՝ ներկայումս իրականացվող արդիականացման գործընթացը՝ անհրաժեշտ շենքային պայմանների, ենթակառուցվածքային հնարավորությունների և տեխնիկական հագեցվածության ապահովման տեսանկյունից, ուստի «Պարզեցված մաքսային միջանցքի» լիարժեք ներդրումը հնարավոր կլինի ընթացող շինարարության ավարտից հետո: