Ո՞ւր են գնում Եվրոպական միության հարկատուների գումարները Հայաստանում. Զարուհի Փոստանջյանի բողոք-ահազանգը

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին

ԲՈՂՈՔ-ԱՀԱԶԱՆԳ ԵՎ ԲԱՑ ՀԱՐՑԱԴՐՈՒՄ

Ո՞ւր են գնում Եվրոպական միության հարկատուների գումարները Հայաստանում

Հարգելի՛ դեսպաններ,

Այլևս անհնար է լռությամբ հետևել, թե ինչպես են Հայաստանում «ժողովրդավարության», «դատական բարեփոխումների» և «կոռուպցիայի դեմ պայքարի» կարգախոսների ներքո իրականացվող գործընթացներն ուղեկցվում քաղաքական քննադատների նկատմամբ դատական և քրեական հետապնդումներով։

Եվրոպական միությունը միլիոնավոր եվրոներ է հատկացնում Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումներին, իրավունքի գերակայության ամրապնդմանը և ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը։ Մինչդեռ այդ բարեփոխումների պայմաններում շարունակվում են գործընթացներ, որոնք լուրջ հարցեր են առաջացնում դատական համակարգի անկախության և խոսքի ազատության իրական պաշտպանության վերաբերյալ։

Դրա ցայտուն օրինակներից է ճանաչված քաղաքագետ և դասախոս Գագիկ Համբարյանի նկատմամբ իրականացվող քաղաքական դրդապատճառներով պայմանավորված դատական և քրեական հետապնդումը։

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն ու բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Արփի Դավոյանը, Հրաչյա Հակոբյանը, Զարուհի Բաթոյանը և այլք, նրա հրապարակային քննադատությունների առնչությամբ նախաձեռնել են քաղաքացիական դատական գործընթացներ։

Պաշտպանության կողմի գնահատմամբ՝ դրանց շրջանակում կայացված դատական ակտերը, զգալի ֆինանսական պարտավորությունների սահմանումը և հերքման տեքստերի հրապարակման պարտադրանքը վերածվել են ֆինանսական ճնշման և քննադատական խոսքը լռեցնելու գործիքների։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ Գագիկ Համբարյանի նկատմամբ արդեն տարիներ շարունակ քննվում են երեք առանձին քրեական գործեր, որոնց հիմքում ևս, ըստ պաշտպանության կողմի, ընկած են հանրային պաշտոնատար անձանց հասցեին նրա հնչեցրած քննադատական արտահայտությունները։

Մասնավորապես, խոսքը դատավոր Լիլիթ Խաչատրյանի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, պատգամավոր Արփի Դավոյանի և Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի վերաբերյալ արտահայտված քննադատական դիրքորոշումների մասին է։

Տարիներ շարունակվող քրեական հետապնդումներին զուգահեռ Գագիկ Համբարյանի նկատմամբ կիրառված է «բացակայելու արգելք» խափանման միջոցը, որի հետևանքով սահմանափակված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու նրա իրավունքը։

Այսպիսով, քննադատական խոսքի համար հարուցված, ըստ պաշտպանության կողմի, քրեական գործերը ոչ միայն տևական ժամանակ Գագիկ Համբարյանին պահում են քրեական հետապնդման և հնարավոր պատժի սպառնալիքի ներքո, այլև ուղեկցվում են նրա ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակմամբ։

Նման իրավիճակը պետք է գնահատվի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 10-րդ հոդվածների, ինչպես նաև Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի լույսի ներքո։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն՝ նույնիսկ առանց վերջնական դատապարտման երկարատև քրեական հետապնդումը կարող է առաջացնել «սառեցնող ազդեցություն» (chilling effect) խոսքի ազատության իրականացման վրա։

Մասնավորապես, Dickinson v. Turkey (2021) գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ երկարատև քրեական վարույթի պահպանումն ինքնին կարող է զսպող ազդեցություն ունենալ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ անձի արտահայտվելու պատրաստակամության վրա։

Գագիկ Համբարյանի դեպքում երեք քրեական գործերի միաժամանակյա և տարիներ շարունակվող քննությունը, դրանց հետ կապված դատավարական անորոշությունը, հնարավոր քրեական պատասխանատվության սպառնալիքը և երկիրը լքելու արգելքը, դիտարկված իրենց համակցված ազդեցությամբ, առաջացնում են խոսքի ազատության նկատմամբ անհամաչափ միջամտության լուրջ մտահոգություններ։

Խնդիրը միայն Գագիկ Համբարյանի անհատական իրավունքների սահմանափակումը չէ։ Նման գործելակերպը կարող է «սառեցնող ազդեցություն» ունենալ նաև այլ քաղաքագետների, դասախոսների, լրագրողների և հասարակական գործիչների նկատմամբ՝ նրանց հետ պահելով իշխանությունների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային քննադատությունից։

Այս հանգամանքներում ուղղակի և հրապարակային հարց եմ ուղղում Ձեզ.

Արդյո՞ք Եվրոպական միության հարկատուները տեղյակ են, որ իրենց միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումների պայմաններում Հայաստանում քաղաքական քննադատության համար անձինք կարող են տարիներ շարունակ գտնվել քրեական հետապնդման ներքո՝ ենթարկվելով նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումների։

Ինչպե՞ս է Եվրոպական միությունը գնահատում իր ֆինանսավորմամբ իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը, եթե դատաիրավական համակարգի գործունեության վերաբերյալ բարձրացվում են քաղաքական հետապնդումների և հիմնարար իրավունքների սահմանափակման նման լուրջ ահազանգեր։

2026 թվականի նոյեմբերի 3-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Բրյուսելում կայանալիք՝ ԵՄ ընդլայնման հարցերին նվիրված միջոցառմանը։

Այս հանդիպումների շրջանակում անհրաժեշտ է բարձրացնել ոչ միայն Հայաստանի իշխանությունների՝ ժողովրդավարության վերաբերյալ քաղաքական հայտարարությունները, այլև դրանց գործնական համապատասխանությունը մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշներին։

ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ ՀՍՏԱԿ ԵՎ ԱՆՀԱՊԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

  1. Հրապարակային արձագանքել Գագիկ Համբարյանի նկատմամբ տարիներ շարունակվող երեք քրեական հետապնդումներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրանց հիմքում ընկած արտահայտությունների բնույթին և խոսքի ազատության վրա հնարավոր «սառեցնող ազդեցությանը»։
  2. Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր հանդիպումների և ԵՄ–Հայաստան քաղաքական երկխոսության շրջանակում բարձրացնել քաղաքական քննադատների նկատմամբ քրեական հետապնդումների և դատական համակարգի անկախության հարցերը։
  3. Նախաձեռնել ԵՄ միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումների անկախ գնահատում՝ պարզելու դրանց իրական ազդեցությունը իրավունքի գերակայության, դատարանների անկախության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության վրա։
  4. Վերանայել և անհրաժեշտության դեպքում սառեցնել ՀՀ դատաիրավական պետական կառույցներին ուղղվող ֆինանսական աջակցությունը, եթե անկախ գնահատմամբ հաստատվեն այդ կառույցների կողմից քաղաքական հետապնդումների իրականացման և մարդու իրավունքների համակարգային խախտումների փաստեր։
  5. Սույն բողոքով բարձրացված հարցերին տրամադրել հրապարակային և հիմնավորված պատասխան։

Եվրոպական միությունը չի կարող բավարարվել դատաիրավական բարեփոխումների մասին պաշտոնական հաշվետվություններով՝ անտեսելով այդ համակարգի գործունեության իրական հետևանքների վերաբերյալ ներկայացվող փաստերն ու ահազանգերը։

Ժողովրդավարության իրական չափանիշը իշխանություններին քննադատելու իրավունքի պաշտպանությունն է։ Իսկ երբ քննադատական խոսքի համար անձը տարիներ շարունակ գտնվում է քրեական հետապնդման և ազատ տեղաշարժվելու սահմանափակման ներքո, այդ իրավունքի պաշտպանությունը պահանջում է ոչ թե լռություն, այլ գործուն արձագանք։

Ակնկալում եմ Ձեր անհապաղ և հրապարակային արձագանքը։

Զարուհի Փոստանջյան

Գագիկ Համբարյանի պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment