Մեր քաղաքական ուժը գտնում է, որ Արցախն ադրբեջանական օկուպացիայի տակ է, քանի դեռ ՀՀ-ում իշխում է այս իշխանությունը, որի համար Արցախն այլևս Ադրբեջան է, և արցախյան հարցն էլ փակված է, չենք կարող լավատեսական գնահատական հնչեցնել, այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Մեր՝ քաղաքականության մեջ մնալու առաքելություններից մեկը պետք է լինի այն, որ ապագա սերունդներին ասենք, որ Արցախի հերոսամարտը մեր ժողովրդի մեծ հաղթանակն էր: Դա մեր ազգի փառավոր էջն էր, երբ ազգի փառավոր էջը Հայաստանի կառավարիչն անվանում է թոկ, սա պռոբլեմ է»,- կարծիք հայտնեց քաղաքական գործիչը:
Նրա դիտարկմամբ՝ այսօր գործնականում Արցախը վերաազատագրելու հնարավորություն չկա, քանի դեռ Ալիևն ու Փաշինյանն այս քաղաքական «օպերայի» մեջ են:
«Եթե, Աստված չանի, իշխող ռեժիմին հաջողվի Անկախության հռչակագիրը հանել և ալիևյան Սահմանադրությունն ընդունել, ես կարծում եմ՝ դա գրեթե անշրջելի կդարձնի «Եռաբլուր»-ում ննջողների պայքարը»,-նշեց ընդդիմադիր քաղաքական գործիչը:
Շարմազանովը նաև ընդգծեց, որ Հայաստանի գահավիժումը հնարավոր է կանգնեցնել՝ թույլ չտալով Անկախության հռչակագրի չեզոքացումը: