«2021 թվականի փետրվարին ՀՀ ԳՇ պետը զինված ուժերը փորձել է ներքաշել Հայաստանի ներքաղաքական կյանք, իսկ Դաշնակցությունն աջակցել է սրան։ Եթե ՀՀ անկախ ցանկացած մարմին սրա վերաբերյալ դիրքորոշում ունենա, օրենսդիրը չի կարող ասել, որ որեւէ բան է խախտվել, որովհետեւ խոսքը գնում է մեր Սահմանադրության պաշտպանության մասին։ Դաշնակցությունն իր հավաքներից առաջ թույլ է տվել, որպեսզի հոգեւորականները քաղաքական ելույթներ ունենան, իսկ մեր Սահմանադրության մեջ գրված է՝ եկեղեցին եւ պետությունն անջատ են։ Դաշնակցության ու մեր Սահմանադրության հարաբերություները շատ վատ են, եւ եթե որեւէ մարդ դիրքորոշում է հայտնում սրա վերաբերյալ, դա չեզոքության ու զսպվածության խախտում չէ»,- ԱԺ նստաշրջանում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիզորությունների դադարեցման հայտարարության նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Նշենք, որ այս նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն է, նախագծի հեղինակները գտնում են, որ Հակոբ Հակոբյանը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ հասեցին։
Պատասխանելով Մարիա Կարապետյանի հարցին՝ Արծվիկ Մինասյանն ասաց․ «Տիկին Կարապետյան, դուք հետեւողականորեն փորձում եք արդարացնել ձեր հակադաշնակցական վարքագիծը, մենք գիտենք դա, ամենեւին պետք չէ նոր հեքիաթներ հորինել, չեղած իրավիճակներ նկարագրել։ Անդրադառնալով զինված ուժերի ներգրավման մասին հարցին՝ ոչ միայն իրավական անգրագիտություն է, ոչ միայն փաստերի խեղաթյուրում ու պնդում է, այլ նաեւ այդ պնդման ներքո դատական քննություն ընթացող պրոցեսում, չունենալով վերջնական ակտ, դուք շարունակում եք մեղադրանքներ հնչեցնել»։
Ինչ վերաբերում է հոգեւորականներին քաղաքականության մեջ ներգրավելու հարցերին՝ Մինասյանն ասաց․ «Լսեք, դուք իսկապե՞ս չեք կարդում օրենքը։ Խղճի եւ կրոնական ազատությունների մասին օրենքում գրված է, որ սպասավորները մյուս քաղաքացիների հետ հավասար իրավունքներ ունեն, այդ թվում՝ նաեւ քաղաքկան կյանքին մասնակցելու։ Խոսքը չի գնում եկեղեցու մասին, դուք հարց եք տալիս, ասում եք՝ հոգեւորականին ո՞նց եք թողնում ձեր հավաքին։ Այսինքն՝ ո՞վ է Դաշնակցությունը, ձեր ոստիկա՞նն է»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: