ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը Գիտելիքի օրվա առիթով, «Հայելի» ակումբում շնորհավորելով աշակերտներին, ուսանողներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին եւ դասախոսներին, նշեց, որ կրթությունն ամենակարեւորն է ժողովրդի, երկրի անվտանգության համար։
«Կրթական համակարգի զարգացումն ու կայացումը անվտանգության ամենահիմնական խնդիրներից մեկն է, որ պետք է անպայման լուծվի։ Սա շատ լավ հասկանում են օրվա իշխանությունները եւ ամեն ինչ անում են, որ կրթական համակարգը ոչ միայն չզարգանա, այլեւ եղածը կազմաքանդվի, որովհետեւ չկրթված մարդն ամենահեշտ կառավարվող մարդն է եւ ավելի հեշտ կարող է իրենց կողմից կառավարվել, անհրաժեշտության դեպքում իրենց ընտրել եւ այլն։
Ի՞նչ ունենք այսօր։ Այսօր ունենք շատ ծանր իրավիճակ դպրոցական համակարգում, հանրակրթության համակարգում։ Խոսքս ուզում եմ սկսել մի շատ կարեւոր հիմնահարցից, որ այսօր համացանցում բարձրացրել են ծնողները։
Պարզվում է, որ առաջին դասարանի աշակերտների ծնողները, առաջին անգամ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները պետք է դիմեն պոլիկլինիկաներ, որովհետեւ անհրաժեշտ է որեւէ դպրոց, մանկապարտեզ գնալու համար ներկայացնել առողջության թերթիկ։ Եվ փաստացիորեն ստացվում է, որ պոլիկլինիկաներում ծնողներից պահանջում են գումար վճարել, որպեսզի անցնեն կաբինետներով եւ ստանան այդ առողջության թերթիկը։
Դուք հասկանո՞ւմ եք, թե սա ինչ է նշանակում։ Մենք սահմանադրությամբ սոցիալական երկիր ենք, եւ մեր երեխաներն ունեն անվճար կրթության իրավունք։ Էլ ի՞նչ անվճար կրթության մասին է խոսքը, երբ որ երեխայի դպրոց հաճախելու համար ոչ թե ինչ-որ հիվանդության, որեւէ կարիքի, այլ դպրոց հաճախելու համար անհրաժեշտ թերթիկը լրացնելու, կաբինետներով անցնելու համար ծնողը պետք է վը-ճա-րի։ Եվ դա նշանակում է անվճար կրթությու՞ն։
Սա սահմանադրության խախտում է, անվճար կրթության իրավունքի խախտում է, սա սոցիալական երկիր հայտարարված պահանջի խախտում է։
Սա ամենամեծ խայտառակությունն է։ Եվ ես ինչքան լսեցի, ինչքան տեղեկացա, այսօր արդեն նախարարությունում փորձում են այդ մեղքը գցել պոլիկլինիկաների վրա։ Ինչպես միշտ, այս իշխանությունն ամեն ինչ անում է իր քաղաքականությամբ, բայց մեղավորը, միեւնույն է, ինքը չէ։ Եվ հիմա արդեն մեղավոր կդառնան պոլիկլինիկաների բժիշկները, ղեկավարները»,-ասաց տիկին Կյուրեղյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: