ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալները Սպիտակ տան մոտ ձերբակալել են Վենեսուելայից եկած միգրանտի, ով սպառնացել է սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Տղամարդուն, ով իր մոտ մի քանի զենք ուներ, հայտնաբերել են գողացված մեքենայի մեջ՝ Կոնստիտուշն պողոտայում, որտեղ կասկածելի պահվածք է դրսևորել։
Ազգային անվտանգության դեպարտամենտը հայտնել է, որ ձերբակալման պահին կասկածյալը ոստիկաններին ասել է, թե իր գլխում ձայներ է լսել, որոնք իրեն հրամայել են գնալ Վաշինգտոն և սպանել նախագահին։ Մեքենայի մեջ իրավապահները հայտնաբերել են AR-15 տիպի հրացան, երկու ատրճանակ և տասնյակ փամփուշտներ։
Ձերբակալված անձը նույնականացվել է որպես Ռոնի Յորդրիքս Գուանիպա Չիրինոս։ Ըստ լրատվամիջոցների՝ նա ԱՄՆ է մուտք գործել ապօրինի կերպով՝ Տեխասի սահմանով, 2024 թվականի մարտին։ Սկզբում նրան ձերբակալել էր Սահմանապահ ծառայությունը, սակայն հետագայում՝ նախորդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք, նա ազատ էր արձակվել։ Նա ԱՄՆ Մարշալների ծառայության հսկողության տակ է։
Գաղտնի ծառայության տնօրեն Շոն Կարանը հայտարարության մեջ նշել է, որ այս միջադեպը վկայում է աճող սպառնալիքի մասին։