«Սահմանել մեկ կամ ավելի պատասխանատու մարմիններ». Մարզական մրցումների մեքենայությունների, բարեվարքության վերաբերյալ գործը ՍԴ-ում

Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննել է «2014 թվականի սեպտեմբերի 18-ին Մագլինգեն/Մաքոլինում ստորագրված «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վրաբերյալ» գործը։ Գործի քննության առիթը կառավարության՝ 2025 թ. նոյեմբերի 27-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն էր։

«Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Կոնվենցիա) ստորագրվել է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին Շվեյցարիայի Համադաշնության Մաքոլին քաղաքում եւ ուժի մեջ է մտել 2019 թվականի սեպտեմբերի 1-ին: 2026 թվականի հունվարի 22-ի դրությամբ Կոնվենցիան ստորագրել է 43 պետություն, սակայն ուժի մեջ է մտել 15 պետության համար:

ՍԴՈ-1814 որոշմամբ արձանագրվեց. Կոնվենցիան համապատասխանում է ՀՀ սահմանադությանը։

Նախատեսված էր ընդունել այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ, որոնք, Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության համաձայն, կարող են անհրաժեշտ լինել ճանաչվելու որպես քրեական իրավախախտումներ, ինչպես նշված է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման եւ ահաբեկչության ֆինանսավորման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (2005թ. ԵԽՊՇ թիվ 198) 9-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում, «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի (2000թ.) 6-րդ հոդվածի 1-ին կետում, Միավորված ազգերի կազմակերպության՝ «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի (2003թ.) 23-րդ հոդվածի 1-ին կետում, ըստ դրանցում նշված պայմանների, երբ եկամուտ ստանալու համար կատարված է Կոնվենցիայի 15 եւ 17-րդ հոդվածներում նշված իրավախախտում, եւ ցանկացած դեպքում, երբ առկա է շորթում, կաշառակերություն եւ խարդախություն (հոդված 16, կետ 1)։

Հայաստանը պարտավորվել էր դիտարկել փողերի լվացման կանխարգելման ՀՀ շրջանակում մարզական մրցումների մեքենայությունները ներառելու հարցը՝ պահանջելով, որ մարզական խաղադրույքների օպերատորները կիրառեն հաճախորդների պատշաճ ուսումնասիրության, հաշվառման եւ հաշվետվություններ ներկայացնելու պահանջները։

Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության իրավազորության սահմաններում խրախուսել մարզական կազմակերպություններին, մրցումների կազմակերպիչներին եւ մարզական խաղադրույքների օպերատորներին համագործակցելու մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարում եւ անհրաժեշտության դեպքում հանձնարարել նրանց իրականացնել Կոնվենցիայի համապատասխան դրույթները, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել քայլեր ցանկացած այնպիսի մարզական կազմակերպությունից ստացված որոշակի կամ ամբողջ ֆինանսական կամ սպորտին առնչվող աջակցությունը դադարեցնելու համար, որոնք արդյունավետորեն չեն կիրառում մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի կանոնակարգերը, սահմանել մեկ կամ ավելի պատասխանատու մարմիններ, որոնց, ըստ Հայաստանի Հանրապետության իրավակարգի, վերապահվել են մարզային խաղադրույքների կարգավորման իրականացումը եւ մարզական խաղադրույքների հետ կապված մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարին ուղղված համապատասխան միջոցների կիրառումը, այդ թվում, անհրաժեշտության դեպքում՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրավասություններով։

Կար առանձին կետ խաղադրույքների վերաբերյալ. «Նպատակ ունենալով պայքարել մարզական մրցումների մեքենայությունների դեմ՝ ուսումնասիրել անօրինական մարզական խաղադրույքների օպերատորների դեմ պայքարելու առավել համապատասխան միջոցներ եւ դիտարկել միջոցներ ձեռնարկելու հարցը»։

Վերահսկողական մեխանիզմների մեջ էր մտնում պատասխանատվության հարցը, սահմանվել է՝ ապահովել, որ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունը հնարավորություն տա քրեական պատասխանատվության ենթարկել մարզական մրցումների մեքենայությունները, երբ այն ներառում է հարկադրանքի, կոռուպցիայի կամ խարդախության գործողություններ, ինչպես սահմանված է Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ։

Քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել փողերի լվացման համար։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment