Օգոստոսի 30-ին՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են Անհետ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանի Կինոյի տանը կազմակերպված միջոցառմանը։
Միջոցառումը ևս մեկ հնարավորություն էր՝ ուշադրություն հրավիրելու բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզման, նրանց ընտանիքների՝ հարազատների ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովման, ինչպես նաև տարիներ շարունակ նրանց առջև ծառացած խնդիրների պատշաճ հասցեագրման կարևորության վրա։
📌Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է բռնի անհետացած անձանց ընտանիքների հետ անմիջական հաղորդակցությունը և նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրների պատշաճ հասցեագրումը՝ Պաշտպանի մանդատի շրջանակում դրանք ներկայացնելով նաև իրավասու պետական մարմինների և միջազգային գործընկերների ուշադրությանը։
📌Առանձնահատուկ կարևորություն ունի նաև ընտանիքների նախաձեռնությամբ ձևավորված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավվածությունը։ Տարիների ընթացքում նրանց կուտակած փորձը, ընտանիքների կարիքների և խնդիրների անմիջական իմացությունն ու հետևողական գործունեությունը կարևոր ներդրում են առկա խնդիրների վերհանման և դրանց լուծման արդյունավետ մեխանիզմների ձևավորման գործում։
Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է, որ յուրաքանչյուր ընտանիք ունի իր հարազատի ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու և իր իրավունքների լիարժեք պաշտպանության ակնկալիք։
Բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզումը պահանջում է շարունակական, հետևողական և համատեղ աշխատանք։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: