Թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը հարվածել է մոնիտորին և վնասել այն
Օգոստոսի 19-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ թիվ 47 երթուղու ավտոբուսում ուղևորը ձեռքով հարվածել է ավտոբուսի սրահում գտնվող մոնիտորին և վնասել այն, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդ, Երևանի բնակիչ 44-ամյա Իգոր Ծ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 14։40-ի սահմաններում Քանաքեռ 1-ին փողոցի 18 հասցեի մոտ իր կողմից վարված, թիվ 47 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսում ուղևորներից մի կին դիմացի դռնից իջնելու հետ կապված վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ձեռքով հարվածել է ավտոբուսի սրահում գտնվող մոնիտորին, ինչի հետևանքով վնասվել է մոնիտորի էկրանը և պատճառվել է մոտ 550 հազար դրամի վնաս։
Ոստիկանները պարզել են, որ այդ կինը Երևանի բնակիչ 45-ամյա Հերիքնազ Պ․-ն է։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։