Ժամանակի ընթացքում ինչպես է փոխվել Փաշինյանի խոսույթը անկլավների և էքսկլավների վերաբերյալ. Civilnet

Civilnet. CivilNetCheck-ը ուսումնասիրել է 2021-ից ի վեր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ պարզելու, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոխվել նրա խոսույթը անկլավների և էքսկլավների վերաբերյալ։

Իրավական հիմքերի բացակայության պնդում

Եթե 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը պարբերաբար պնդում էր, թե անկլավները պետք է փոխանակվեն անկլավների հետ, ապա 2021-ի նոյեմբերից նրա խոսույթում հայտնվեց նաև անկլավների իրավական հիմքերի հարցը։ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում 2021-ի նոյեմբերի 23-ին ասում էր, որ նախ պետք է հասկանալ անկլավների իրավական հիմքերը՝ նշելով, որ «խիստ կասկածում է, որ իրավական հիմքեր կան»։

Իսկ 2022-ի մայիսի 25-ին Փաշինյանն արդեն Ազգային ժողովում հստակ հայտարարեց, որ մինչ այդ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավների գոյություն չէր արձանագրվել։ Փոխարենը, ըստ նրա, արձանագրվել է, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի տարածք է։

2023-ի հոկտեմբերին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը կրկին անդրադարձավ անկլավների գոյության իրավական հիմքերին։

«Ով էլ խոսի անկլավների մասին, պետք է սեղանին դնի քարտեզ, որովհետև ինչո՞վ է հիմնավորվում այդ անկլավի գոյությունը».– ասում էր Փաշինյանը:

Քանի որ անկլավների հարցը բարդ է և ներառում է սահմանների, հասանելիության, սերվիտուտի (այլ պետության տարածքով սահմանափակ անցման կամ օգտվելու իրավունքի), պաշտպանության, զինված ուժերի ու անցման կանոնների հետ կապված մի շարք հարցեր, Փաշինյանը ներկայացրել էր նաև խնդրի հնարավոր լուծման տարբերակներ։ Ըստ նրա՝ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն, և խաղաղության պայմաններում այդ հարցը ևս պետք է լուծվի։ Մյուս տարբերակն այն է, որ կողմերը պայմանավորվեին՝ անկլավները մնում են այն պետությունների տարածքում, որոնցով շրջապատված են։ 

Փաշինյանը քանիցս նաև ասել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց առաջ հայկական կողմը փաստաթղթից հանել է անկլավների և Հայաստանի տարածքով միջանցքի մասին կետերը, և որ Ադրբեջանը պարբերաբար տարբեր ձևաչափերով առաջ է տանում անկլավների թեման։

Գտնվեցի՞ն իրավական հիմքերը

2025-ի օգոստոսին լրագրողները Փաշինյանին հիշեցրին նրա հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ադրբեջանական անկլավների գոյության իրավական հիմքեր չկան, և հարցրին՝ արդյոք այդ հիմքերը գտնվել են։ Փաշինյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ ադրբեջանական կողմը խոստացել է ներկայացնել դրանք։

«Ես ասել եմ, որ այո՛, այդ պահին մեր ձեռքին իրավական հիմքեր չկան, մեզ ադրբեջանցիներն ասել են՝ իրենք կներկայացնեն իրավական հիմքեր, իրենք էլ կասկածի տակ են դրել տեղ-տեղ Արծվաշենի իրավական հիմքերի առկայությունը»,- պատասխանեց Փաշինյանը։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը 2025-ի նոյեմբերի 7-ին հայտարարեց, որ «Ադրբեջանի չորս անկլավների՝ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քյարքի գյուղի վերադարձի հարցը մշտապես օրակարգում է»։ Ըստ նրա՝ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 8-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ «սահմանազատման արդյունքում պետք է վերադարձվի Արծվաշենը և մյուս օկուպացված հայկական տարածքները»։

Օրեր անց՝ նոյեմբերի 12-ին, Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ «իրավական հիմքերի ուսումնասիրություն փոխադարձաբար չի եղել»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը 2026-ի հուլիսի 9-ին հայտարարեց, որ կողմերի միջև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց համաձայն` սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ ուղղությամբ, իսկ անկլավային գյուղերին առնչվող հարցերը կստանան իրենց լուծումը։

Հուլիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ անկլավների հարցի լուծման երկու տարբերակ կա՝ տարածքները պահպանում են իրենց դե յուրե պատկանելությունը կամ փոխանակվում են համարժեք տարածքներով։

2026-ի օգոստոսի 20-ին Փաշինյանը կրկին Տիգրանաշենը անվանեց «Քյարքի»։ Նա հստակ նշեց, որ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին Հայաստանի և Ադրբեջանի տարածքները նկարագրող քարտեզներ կան, և ըստ այդ քարտեզների՝ Տիգրանաշենը Հայաստանի տարածք չէ։

1991-ին ընդունված Ալմա-Աթայի հռչակագրով մասնակից պետությունները պարտավորվում էին ճանաչել և հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Հիմա քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է։ Քյարքին Հայաստանի տարածք չի, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չէ։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք»,- լրագրողներին ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ անկլավների հարցի վերաբերյալ «այսօր չունեն ոչ մի պայմանավորվածություն»։ 

Իսկ արդեն 2026-ի օգոստոսի 27-ի Սիվիլնեթի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը ասաց, որ չի խոսել Տիգրանաշենի վերադարձի մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հետ քննարկում չունեն այս պահին։ «Ես վերադարձի մասին չեմ խոսել, ես ընդամենը ասել եմ Քյարքի, ես ասել եմ՝ Քյարքի՝ արձանագրելով, որ կա այդպիսի տարածք»։

Այսպիսով, Փաշինյանը ուղիղ չի ասել, որ Տիգրանաշենը պետք է վերադարձվի Ադրբեջանին, սակայն հարցի լուծումը պայմանավորել է իրավական հիմքերի առկայությամբ և դրանց ուսումնասիրության արդյունքներով։

Շուշան Ստեփանյան, CivilNetCheck
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment