Վերջին ամիսների իրադարձությունները վկայում են, որ բոլոր հնարավոր հարթակներում իշխանություններն անցել են բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը «Հայաստան 2026․ Իրավունքի վախճանը» քննարկման ընթացքում։
«Թիվ մեկ սխալն այն էր, որ մենք բոլորս փորձում էինք իշխանությունների գործողություններում և հայտարարություններում տրամաբանության և սթափ մոտեցման տարրեր գտնել, սակայն դրանք դժվար է գտնել։ Վերջին ամիսների իրադարձությունները վկայում են, որ բոլոր հնարավոր հարթակներում իշխանություններն անցել են բոլոր հնարավոր կարմիր գծերը»,- հայտնել է Տոնոյանը՝ Ծառուկյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցողը որակելով որպես քաղաքական վրեժ՝ հիմնված կոնկրետ հրահանգների վրա, որոնք (Փաշինյանի կողմից) հնչեցվել էին քաղաքական ընդդիմախոսների դեմ քարոզարշավի ընթացքում պիկապի թափքից, իսկ այժմ տեղափոխվել են խորհրդարան։
Ինչպես ընդգծել է Տոնոյանը, Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է անբարո հետապնդում, և դա անում է մեկ մարդ՝ քաղաքական վրեժխնդրության մղումներից ելնելով, ինչը բոլորին էլ պարզ է։ Նրա խոսքով՝ Ծառուկյանին բերման ենթարկելու ժամանակ ԱԱԾ 30-40 դիմակավորված աշխատակիցներ առավոտյան 7:16-ին ներխուժել են տուն։ Ծառուկյանը դուրս է եկել նրանց ընդառաջ, թեև ժամանակ ուներ լքելու տունը։ Դրանից առաջ նա ասում էր, որ սպասում է ուժայինների գալուն, այդ մասին խոսել էր մոր հետ, խնդրել նրան բարոյապես պատրաստվել և չանհանգստանալ՝ ասելով, որ դրանք ժամանակավոր դժվարություններ են։ Բայց մեկ մարդու ամբիցիաները բավարարելու և նման տեսարան նկարահանելու համար հատակին տապալված Ծառուկյանով շոուն համակարգային ողբերգություն է։ Տոնոյանը նկատել է, որ այս շոուի յուրաքանչյուր մասնակից պետք է իմանա՝ ինչպիսին էլ լինի հրամանը, կատարողը դու ես և պատասխան ես տալիս խղճով, եթե այն ունես։ Հասարակության համար պարզ է, թե ինչ նպատակով է այս ամենն արվում, և ինչ նպատակով են ընտանիքի մասին տարածվում ստոր լուրեր։
ԲՀԿ ներկայացուցիչը հիշեցրել է, որ սեփականությունից զրկելու խայտառակ գործընթացն ընթանում է ասացվածքի համաձայն՝ ախորժակը ուտելիս է բացվում, իսկ մեկնարկը տրվել էր ՀԷՑ ազգայնացմամբ։ «Իշխանությունները լծվել են գույքի թալանի գործընթացին։ Տոնոյանը հայտնել է, որ «Արարատ ցեմենտ» գործարանի յուրացումից հետո գները աճել են 20 տոկոսով, կոնյակի գործարանում ընթանում են զանգվածային կրճատումներ, իսկ «Մուլտի վելնես»-ի մասով քաղաքապետարանն ապօրինաբար շահագործում է ուրիշի սեփականությունը։ Տոնոյանը նշել է, որ ՄԻԵԴ է ներկայացվել 2 բողոք, և պաշտպանությունն ամեն ջանք կգործադրի Գագիկ Ծառուկյանի իրավունքների վերականգնման համար։ Նրա խոսքով՝ կա հասարակության և սփյուռքի հսկայական աջակցություն։
«Այս ամենը նյարդայնացնում է հետապնդման նախաձեռնողներին, ինչի մասին են վկայում նոր գործերն ու մեղադրանքները։ Ժողովրդավարության բաստիոնում մարդու իրավունքներն ու արժանապատվությունն ամեն օր պաշտպանության կարիք ունեն։ Սա ողբերգություն է։ Սա հարվածում է երկրի հեղինակությանը, և դրա շտկման համար տասնյակ տարիներ կպահանջվեն։ Արտասահմանյան ներդրողները չեն կատարի ներդրումներ այս երկրում»,- ընդգծել է Տոնոյանը՝ հավելելով, որ իշխանություններն ազատում են դաշտը թուրք և ադրբեջանցի գործարարների համար։
Տոնոյանը նաև հայտնել է, որ մի քանի օրվա ընթացքում կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի պաշտպանության կոմիտեի կազմը։ Կոմիտեն զբաղվելու է ոչ միայն Ծառուկյանի պաշտպանությամբ՝ հաշվի առնելով, թե որքան շատ քաղաքական բանտարկյալներ կան Հայաստանում։ Կոմիտեի կազմում կընդգրկվեն Հայաստանի և սփյուռքի տարբեր ոլորտների տասնյակ հեղինակավոր գործիչներ։
News.am