Նեպալի և Չինաստանի սահմանամերձ հատվածում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն հասել է առնվազն 474-ի, իսկ ավելի քան 1500 մարդ շարունակում է անհետ կորած մնալ: Անհայտ կորածների թվում են հարյուրավոր օտարերկրացիներ, ովքեր տարածաշրջան էին ժամանել աշխատելու, լեռնային արշավների կամ դեպի հինդուիստական սրբավայրեր ուխտագնացության նպատակով:
Նեպալի աղետների կառավարման մարմինների տվյալներով՝ երկրում հաստատվել է 469 մարդու մահ, իսկ 977-ը համարվում են անհետ կորած: Ուղղաթիռներով հաջողվել է փրկել ավելի քան 3200 մարդու, իսկ 150-ից ավելի վիրավորներ տեղափոխվել են մայրաքաղաք Կատմանդուի և հարակից շրջանների հիվանդանոցներ: Չինական կողմը հայտնում է Տիբեթի Կյիրոնգ շրջանում 5 զոհի և 558 անհետ կորածի մասին, որոնցից 260-ը օտարերկրացիներ են:
Աղետից տուժել են նաև այլ երկրների քաղաքացիներ: Հնդկաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ անհնար է կապ հաստատել իրենց 288 քաղաքացու հետ, որոնցից շատերը ուխտավորներ էին կամ աշխատում էին էներգետիկ նախագծերում: ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխանցմամբ՝ Նեպալում և Չինաստանում անհայտ է 90 ամերիկացու ճակատագիր: