Համաշխարհային տվյալների կենտրոնների տարեկան ջրասպառումը մինչև 2030 թվականը, ջրի խնայողության միջոցների բացակայության դեպքում, կարող է աճել՝ 2025 թվականի 222 մլրդ լիտրից հասնելով 644 մլրդ լիտրի: Սա կանխատեսում է Rystad Energy-ն։
Ջրօգտագործման արդյունավետության չափավոր բարելավումը կարող է սպառումը նվազեցնել մինչև 543 մլրդ լիտր, իսկ ավելի ակտիվ միջոցառումների դեպքում՝ մինչև 388 մլրդ լիտր, հայտարարել է տվյալների կենտրոնների և ջրածնի ոլորտներում հետազոտությունների գլոբալ ղեկավար Լե Մին Կխոյը։
Այս թվերը հաշվի են առնում միայն հաշվարկային հզորությունների սառեցման համար ջրի անմիջական օգտագործումը, մինչդեռ ջուրը ներգրավված է նաև էլեկտրաէներգիայի մատակարարման ամբողջ շղթայում, ինչը, փորձագետի խոսքով, լրացուցիչ բարդություն է ստեղծում։ Բացի այդ, ջրի սպառման ծավալը զգալիորեն տարբերվում է՝ կախված սառեցման տեխնոլոգիայից, կլիմայական պայմաններից և նրանից, թե չափվում է ջրի վերցման ծավալը, թե դրա փաստացի սպառումը։
Տվյալների կենտրոնների խոշոր օպերատորները, այդ թվում՝ AWS, Google, Microsoft և Meta ընկերությունները պարտավորվել են ավելի խնայողաբար օգտագործել ջուրը։ Բոլոր չորս ընկերությունները մտադիր են մինչև 2030 թվականը հասնել «ջրային դրական հաշվեկշռի», այսինքն՝ վերականգնել ջրային պաշարներն ավելի մեծ ծավալով, քան սպառում են։ Նրանք աշխատում են քաղցրահամ ջրի պաշարների վերականգնման և ջրի օգտագործման արդյունավետության բարձրացման նախագծերի վրա, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում։
Միևնույն ժամանակ, Rystad-ի գնահատմամբ՝ տվյալների կենտրոնների ջրասպառման 34%-ը մինչև 2030 թվականը բաժին է ընկնելու ջրի բարձր և ծայրահեղ բարձր պակաս ունեցող տարածաշրջաններին։ Սակայն այդ շրջաններում նվազագույն ջրատարողությամբ սառեցման տեխնոլոգիաների կիրառման պարտադիր պահանջը կարող է ջրի սպառումը նվազեցնել 45%-ով։
Առավել մեծ ռիսկ ունեցող տարածաշրջանների թվում են Հնդկաստանի Ջամնագար և Թհանա քաղաքները, ինչպես նաև Տեխասի Ռիվս շրջանը։ Այս վայրերում տվյալների կենտրոնների ջրասպառումը մեծ է՝ համեմատած ջրի պակասի մասշտաբների հետ։
Rystad-ը նաև նշում է, որ արհեստական բանականության տարածումը պարտադիր չէ, որ հանգեցնի ջրասպառման համամասն աճի, քանի որ սերվերային դարակաշարերի մակարդակում հեղուկային սառեցումը կարող է նվազեցնել տվյալների կենտրոնների սառեցման համակարգերի ջերմային ծանրաբեռնվածությունը և հնարավորություն տալ ավելի ակտիվորեն օգտագործել չոր սառեցում։
Հետևաբար, այնպիսի տեխնոլոգիաները, ինչպիսիք նախատեսել է Nvidia-ն իր նոր Vera Rubin հարթակի համար, կարող են օգնել սահմանափակել ջրի սպառումը, թեև հնարավոր խնայողության ծավալը շարունակում է մեծապես կախված լինել կլիմայական պայմաններից։ Մասնավորապես, չոր սառեցումը սովորաբար ավելի արդյունավետ է ցուրտ կլիմայական պայմաններում:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։