Արևմտյան երկրները շանտաժի են ենթարկում Հայաստանի ղեկավարությանը Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) կոնցեսիայի հարցում՝ պահանջելով վերացնել «ռուսական գործոնը»՝ փոխարենը խոստանալով իբր բազմամիլիոնանոց ներդրումներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ այս թեման ոչ վաղ անցյալում քննարկվել էր Չոլպոն-Աթայում օգոստոսի 6–7-ին տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում, որտեղ այն մանրամասն մեկնաբանել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նաև հայկական երկաթուղային ցանցի՝ ռուսական կողմի կողմից կառավարման թեմայով խոսել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը», — հավելել են այնտեղ։
«Հաշվի առնելով, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չի դրվել, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ հայկական ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Պահանջում են վերացնել «ռուսական գործոնը» տրանսպորտային ոլորտում, իսկ փոխարենը խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և ներգրավում նախագծերի մեջ, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հազիվ թե տեսանելի է։
Սա լիովին համապատասխանում է Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու ուղղությամբ արևմտյան մայրաքաղաքների ոչ մաքուր խաղերի ոգուն», — նշել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը դիվանագիտական ուղիներով կապ հաստատե՞լ է Մոսկվայի հետ ՀԿԵ-ի կոնցեսիայի հարցով։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն «առավելագույն պատասխանատվությամբ կատարում է իր պարտավորությունները, իրականացրել է զգալի ներդրումներ՝ ավելի քան 30 մլրդ ռուբլի, այդ թվում՝ շարժակազմի թարմացման ուղղությամբ»։
«Կարևոր է նաև, որ դրանց ժամանակացույցը ճշգրտվել է հայկական կողմի խնդրանքով, — պարզաբանել են գերատեսչությունում։ — Հենց ռուս երկաթուղայինների մասնագիտական կարողություններն են օգնել Հայաստանին պահպանել մրցակցային առավելությունները, որոնք այսօր սկզբունքորեն հնարավորություն են տալիս խոսել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին»։
Այս կապակցությամբ նախարարությունում արձանագրել են Երևանի այն փաստարկների բացարձակ անհամապատասխանությունը իրականությանը, թե «ռուսական կոնցեսիան, իբր, խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից»։
«Այս առնչությամբ բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներով։ Ընդ որում, հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ ներկայացնել», — նկատել են ՌԴ ԱԳՆ-ում։
«Ընդհանուր առմամբ, հրապարակային հայտարարություններով հանդես գալուց առաջ գործընկերները սովորաբար նստում են բանակցությունների սեղանի շուրջ և գործնական ձևաչափով քննարկում առկա խնդիրներն ու մտահոգությունները։ Հատկապես եթե կա ցանկություն, ինչպես պնդում են Երևանում, լուծում գտնել բարեկամական մթնոլորտում», — ամփոփել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
News.am