Հայաստանը կարող է փոխել իր արտաքին քաղաքականությունը՝ առանց փոխելու իր պետական ինքնությունը։ Կարող է խաղաղության քաղաքականություն որդեգրել՝ առանց իր նախորդ պետական շրջանը «կոնֆլիկտի Հանրապետություն» հայտարարելու։ Կարող է նոր տնտեսական ռազմավարություն ընդունել, նոր սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, նույնիսկ ամբողջությամբ վերափոխել պետական կառավարման համակարգը։ Բայց եթե խոսքը իսկապես նոր Հանրապետության մասին է, ապա այստեղ արդեն այլ չափանիշներ են գործում։
Նոր Հանրապետությունը չի կարող ծնվել միայն մեկ անձի կամքից կամ ելույթից։ Այն չի կարող ծնվել կառավարության ծրագրից։ Այն չի կարող ծնվել քաղաքական կարգախոսից։ Եվ, առավել ևս, չի կարող ծնվել Հայաստանի պատմությունը վերաիմաստավորելու միջոցով։ Հենց այստեղ է ծագում այն հարցը, որ այսօր Հայաստանի իշխանությունը պարտավոր է պատասխանել ոչ թե ընդդիմությանը, ոչ թե որևէ առանձին քաղաքական ուժի, այլ ամբողջ հասարակությանը՝ ո՞վ, ե՞րբ և ի՞նչ իրավական հիմքով որոշեց, որ մենք այլևս Երրորդ Հանրապետությունում չենք ապրում։ Որտե՞ղ է այդ սահմանագիծը։ Ո՞ր իրավական ակտով է Երրորդ Հանրապետությունն ավարտվել։ Ո՞ր հանրաքվեով է Հայաստանի ժողովուրդը որոշել, որ սկսվում է «չորրորդ հանրապետությունը»։ Որտե՞ղ է նոր Սահմանադրությունը։ Որտե՞ղ է պետական կառավարման այն նոր համակարգը, որը մեզ թույլ է տալիս ասել՝ մենք արդեն ապրում ենք այլ Հանրապետությունում։ Եթե այդ ամենը չկա, ապա ինչի՞ մասին է խոսքը։
Նոր Հանրապետությո՞ւն, թե՞ Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացման նոր փուլ։ Սա պարզապես անվանման հարց չէ։ Սա Հայաստանի պետականության շարունակականության մասին սկզբունքային հարց է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում են «չորրորդ հանրապետություն»։ Նրա ձևակերպմամբ, Երրորդ Հանրապետությունը հիմնված էր «կոնֆլիկտի, հակամարտության տրամաբանության» վրա, իսկ «չորրորդ հանրապետությունը» ձևավորվում է «խաղաղության տրամաբանությամբ»։ Նա իր այդ տեսլականը կապեց նաև «իրական Հայաստանի» գաղափարախոսության և կառավարության 2026–2031 թվականների ծրագրի հետ։ Այս հայտարարությունը չի կարելի պարզապես հերթական քաղաքական կարգախոս համարել։ Այն շատ ավելի խորքային հարց է առաջադրում. արդյո՞ք իշխանությունը պարզապես հայտարարում է Հայաստանի քաղաքական զարգացման նոր փուլի մասին, թե՞ փորձում է ձևակերպել Հայաստանի պետականության նոր՝ «չորրորդ հանրապետության» փուլը։
Եթե խոսքը առաջինի մասին է, ապա խնդիրը հիմնականում անվանման հարց է։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ խաղաղության նոր ռազմավարություն, նոր արտաքին քաղաքականություն և զարգացման նոր հայեցակարգ՝ մնալով նույն պետությունը։ Բայց եթե խոսքը երկրորդի մասին է, ապա իշխանությունը պետք է ներկայացնի դրա պետաիրավական հիմքը։ Որովհետև Հայաստանը կարող է փոխել իր քաղաքականությունը՝ առանց փոխելու իր պետական ինքնությունը, իսկ իր պետական կարգը կարող է փոխել միայն ժողովրդի ու Սահմանադրության միջոցով։ Սա է ամբողջ խնդրի միջուկը։
Եվ հենց այստեղ «չորրորդ հանրապետության» գաղափարը բախվում է իր առաջին լուրջ հակասությանը։ Հայաստանը չի սկսվել 2018 թվականին։ Հայաստանը չի սկսվել 2026 թվականին։ Հայաստանը չի սկսվում և ավարտվում որևէ վարչապետի իշխանության ժամկետով։ Հայաստանի պետականությունը շատ ավելի երկար պատմություն ունի, քան ցանկացած կառավարություն, կուսակցություն կամ քաղաքական գաղափարախոսություն։ Մենք ունեցել ենք Առաջին Հանրապետություն։ Մենք ունեցել ենք խորհրդային պետականության երկար ժամանակաշրջանը։ Մենք ունենք 1991 թվականին ժողովրդի կամքով վերականգնված անկախ Հայաստանի Հանրապետությունը։
ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: