ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ավելի քան 1.5 ժամ անց դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշենք, որ մոտավորապես ժամը 14։00-ից նա Հակակոռուպցիոն կոմիտեում է ու այն ժամանակ հայտնել էր, որ տեղյակ չէ, թե ինչու են իրեն կանչել։
«Գործի նյութերը, երբ կստանանք` կխոսենք։ Հիմա բան չեմ հասկանում»,– լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը։
Ընդգծենք, որ Սարգսյանից առաջ էլ Հակակոռուպցիոն շենքից ԱԱԾ–ի «Ալֆա» ջոկատի ծառայողների ուղեկցությամբ դուրս եկավ առավոտյան ձերբակալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։
Ավելի ուշ ինքնազգացողության վատանալու պատճառով ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել, դատախազությունն էլ հայտնել է, որ բացի նրանցից՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 8 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Sputnik Արմենիա