«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ գործող դատավորների մեծամասնությունը նշանակվել է իր իշխանության տարիներին և Հակակոռուպցիոն դատարանի կալանքների աննախադեպ թիվ սկսել է գործել ու ավելանալ հենց իր իշխանության նշանակած դատավորների շնորհիվ։
«Երբ դուք անդադար վատաբանում եք դատական իշխանությանը, արդյո՞ք չեք փորձում դրա մեջ տեսնել՝ գուցե իրավապահ մարմիններն են կիսատ-պռատ գործերը գցում դատավորների վրա, կամ դատախազությունը լավ վերահսկողություն չի իրականացնում։ Արդյո՞ք դուք ատելություն եք զգում դատական իշխանության նկատմամբ»,-Փաշինյանից հետաքրքվեց Հարությունյանը։
«Ատելություն զգում եմ այն փաստի նկատմամբ, որ ՀՀ քաղաքացիները դեռևս չունեն զգացողություն, որ ՀՀ-ում արդարությունը հաստատված իրողություն է։ Այո, այդպես է նաև այն պատճառով, որ կա իշխանության տարանջատման սկզբունք և դա լավ սկզբունք է։ Ես այսօր ասում եմ՝ փողով ցանկացած մարդ դատական համակարգում ցանկացած հարց կարա լուծի կամ կարար լուծեր։ Լավ է, որ այդ հարցն այս ընտրություններում քաղաքական մակարդակում ևս մեկ անգամ արձանագրվեց»,-ասաց Փաշինյանը։