Օմանն ու Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցի թեման

Բաժանորդագրվել

Մասկատն ու Թեհրանը մտադիր են աջակցել կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ու խաղաղ լուծումների որոնմանը։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Բադր բեն Համադ ալ-Բուսաիդին և Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել են Հորմուզի նեղուցով ազատ և անվտանգ նավարկության վերականգնման հարցը։ Այս մասին հայտնում է օմանական ONA լրատվական գործակալությունը։

«Նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում նավարկության հետ կապված իրավիճակի զարգացումները և ընդգծել են գործնական համաձայնությունների հասնելու համար բանակցությունները շարունակելու կարևորությունը, որոնք կնպաստեն նավարկության ազատության և անխափանության վերականգնմանը, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները և երկխոսության ու բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղիները։

Գործակալության տվյալներով՝ Մասկատն ու Թեհրանը մտադիր են աջակցել կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ու խաղաղ լուծումների որոնմանը՝ մնացած տարաձայնությունները վերացնելու համար` հաշվի առնելով բոլոր մասնակիցների շահերը։

Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ էներգակիրների համաշխարհային առևտրի առանցքային երթուղիներից մեկը։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին այս նեղուցով նավարկության ինտենսիվությունը նկատելիորեն նվազել է։ Վերջին օրերին խոշոր նավթատար լցանավերն ու գազատար նավերը գրեթե դադարել են օգտագործել այս երթուղին։

Ռուսաստանը հույս ունի, որ Հորմուզի նեղուցով անցումն ազատ կլինի. ԱԳՆ

Leave a comment