«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանի համոզմամբ՝ առողջապահության նախարարության առաջարկած շտապ բժշկական օգնության նոր ձևաչափը՝ մոտոմիավորների ներդրումը, հերթական ծաղրանքն ու ծիծաղ առաջացնող նախագիծն է։
«Այս նախագիծը չի աշխատելու հայաստանյան պայմաններում, որովհետև ՀՀ-ում մոպեդավար բժիշկներ գտնելը խնդիր է լինելու։ Իրենք հույսները դրել են կլինիկական օրդինատորների վրա, որոնք աշխատում են շտապ օգնության կայաններում, այսինքն՝ երիտասարդ տղաների վրա։ Սակայն կլինիկական օրդինատորները ինչ-որ մի փուլում, երբ ավարտում են հիմնական մասնագիտությունը, վերադառնում են իրենց մասնագիտությանը․ նրանք մշտական բժիշկներ չեն շտապ օգնության ծառայությունում։ Այն բժիշկները, որոնք այսօր աշխատում են շտապ օգնության ծառայությունում, նրանք պատկառելի փորձով ու միջին ու ավելի բարձր տարիքի մարդիկ են, հաճախ կանայք, որոնք դժվար թե մոպեդներով կանչ կատարեն»,- Aravot.am-ին ասաց Անուշ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ այս նախագիծը շատ տարօրինակ է այն առումով, որ պայման-պահանջի մեծ ցանկ են տալիս, որ մոպեդավար բժիշկը պետք է ունենա հետը. «Իրենք բերում են միջազգային փորձը, այո՛, շատ զարգացած երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, կան այդպիսի մոպեդներ, սակայն դրանք նախաբժշկական ծառայություն են իրականացնում, և այդ մոպեդների վրա բուժակներ են։
Այսինքն՝ կանչը երկուսն էլ ստանում են՝ և՛ շտապ օգնությունը, և՛ բուժակը։ Հաշվի առնելով շտապ օգնության ավելի ուշ հասնելու խնդիրը՝ բուժակները հասնում են, ցուցաբերում են որոշակի բժշկական օգնություն, մինչև շտապ օգնության մեքենան կանչը կկատարի։ ՀՀ-ում ուզում են շտապ օգնության գծային ծառայությունը փոխարինել մոպեդներով, ինչը հիվանդների համար լինելու է կատաստրոֆիկ։
Կորցնելու ենք լուրջ ժամանակ։ Ընդհանրապես մեր հասարակության ընկալումները հաշվի առնելով՝ իրենք չեն կարողանա այս ծառայությունը ներդնել, որովհետև բժշկական համալսարանը ավարտած մեր գործընկերները չեն կարող այդ բարիերներն անցնել ու որոշել, որ մոպեդի վրա բժիշկ են։ Անհասկանալի հերթական նախագիծն է, որը մնալու է թղթի վրա»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: