Դավիթաշենում գործող «Ծիրան մարկետի» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ իրենց մասնագետները ստուգում են իրականացրել Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 32 հասցեում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի սուպերմարկետում։

«Ստուգման արդյունքում առևտրային սրահում և պահեստային հատվածում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների շուրջ երկու տասնյակ խախտումներ։

Առևտրի սրահում արձանագրված խախտումների մասով տեսչական մարմինը կարգադրագիր է տվել՝ դրանք սահմանված սեղմ ժամկետում վերացնելու պահանջով։

Պահեստային հատվածում արձանագրված խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորությունը հաշվի առնելով՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ամբողջությամբ կասեցվել է պահեստի շահագործումը՝ մինչև խախտումների վերացումը։

Որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակում պահեստը կապարակնքվել է»,- ասված է ՔՏՀԱ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment