Երևանն ու Նյու Դելին քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II ռեակտիվ արկերի արտադրություն և հավաքում կազմակերպելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է idrw կայքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ կողմերի միջև համաձայնության հասնելու դեպքում նախաձեռնությունը կարող է էական խթան հաղորդել երկու պետությունների պաշտպանական-արդյունաբերական հարաբերությունների զարգացմանը և նպաստել Հայաստանի ընդլայնվող հրետանային ներուժի համար զինամթերքի առավել կայուն մատակարարմանը, գրում է Sputnik Արմենիան:
Նշվում է, որ Հայաստանն արդեն իր զինանոցը համալրել է հնդկական արտադրության Pinaka Mk-II կառավարվող հրթիռներով, ինչպես նաև մեծացված հեռահարությամբ Pinaka չկառավարվող հրթիռներով։ Միևնույն ժամանակ դեռևս հստակեցված չէ, թե կոնկրետ որ մոդիֆիկացիան կարող է հիմք դառնալ Հայաստանում սեփական արտադրություն կազմակերպելու հնարավոր ծրագրի համար։
Ենթադրվում է, որ տեղական արտադրություն ստեղծելու հետաքրքրությունը մասամբ պայմանավորված է ժամանակակից հրթիռային պատերազմի առանձնահատկություններով։ Pinaka-ի նման համակարգերը երկարատև մարտական գործողությունների ընթացքում կարող են մեծ ծավալի զինամթերք սպառել։ Հայաստանում դրանց հավաքումն ու արտադրությունը կարող են նպաստել անհրաժեշտ պաշարների պահպանմանը և նվազեցնել մշտական ներմուծումներից երկրի կախվածությունը։
Հնարավոր համաձայնագրով հնդկական պետական պաշտպանական ձեռնարկությունը կամ Հնդկաստանի պաշտպանական արդյունաբերության մեկ այլ կառույց կարող է տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև օժանդակել արտադրական գործընթացի կազմակերպմանն ու հայ մասնագետների վերապատրաստմանը։
Նախատեսվող արտադրությունը կարող է իրականացվել փուլային եղանակով։ Աղբյուրները հայտնել են, որ սկզբնական շրջանում Հայաստանը կարող է օգտագործել Հնդկաստանից ներմուծվող բաղադրիչներ և նյութեր, իսկ հետագայում աստիճանաբար մեծացնել տեղում արտադրվող բաղադրիչների մասնաբաժինը։
Արտադրության հստակ ձևաչափը, հրթիռների մոդիֆիկացիան և տեխնոլոգիաների փոխանցման պայմանները դեռևս չեն սահմանվել։ Վերջնական համաձայնագրի կնքման մասին նույնպես չի հայտարարվել, իսկ Հայաստանում արտադրության հնարավոր ծավալները կախված են լինելու կողմերի միջև ընթացող բանակցությունների արդյունքներից։
Բանակցությունների հաջող ավարտի դեպքում Հայաստանը կարող է Pinaka ընտանիքի համակարգերի համար դառնալ կարևոր արտասահմանյան արտադրական գործընկեր։ Հնդկաստանն իր հերթին կարող է պաշտպանական արտադրանքի արտահանումը զարգացնելու ևս մեկ ուղղություն ստանալ՝ պատրաստի համակարգերի մատակարարումից անցնելով նաև դրանց տեղական արտադրությանը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հայաստանը Նյու Դելիից ձեռք է բերել Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ATAGS և MARG հրետանային կայանքներ, Swathi ռադիոլոկացիոն կայաններ, Akash զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև այլ համակարգեր։
Վերջին տարիներին Հայաստանն ու Հնդկաստանն էապես ընդլայնել են ռազմատեխնիկական համագործակցությունը, իսկ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցել է 1․5 մլրդ դոլարը։