«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի հարցուպատասխանի ընթացքում բանավեճ տեղի ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Շիրազ Մանուկյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի միջև՝ ՊՆ տեսանյութերի, սահմանային անվտանգության և 44-օրյա պատերազմին մասնակցության շուրջ։

Ընդդիմադիր պատգամավոր Շիրազ Մանուկյանը բարձրացրեց Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող տեսանյութերի նկարահանման հարցը։ Նա պատմեց 25-օրյա հավաքների մասնակիցներից լսած մի դեպքի մասին, ըստ որի՝ վաշտի հրամանատարը զինծառայողներին հրահանգել է շարերթով քայլել դրոնի առջև, քանի որ «տեսանյութը նախարարին է պետք»։

Պապիկյանը պաշտպանեց իր աշխատանքի լուսաբանման աշխատաոճը՝ նշելով, որ հանրությունը դրական է գնահատում դա։ Անդրադառնալով պատգամավորի հայտնած պատմությանը՝ նախարարը կոչ արեց հայտնել տեղեկատվության աղբյուրն ու կոնկրետ անուններ, որպեսզի դեպքին ընթացք տրվի։

Միևնույն ժամանակ Պապիկյանը դիմեց պատգամավորին․ «44-օրյա պատերազմի մասին հերոսապատումներ կերտելիս հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել, որտե՞ղ եք անցկացրել և ե՞րբ եք զորացրվել»։

Արձագանքելով նախարարին՝ Շիրազ Մանուկյանը նշեց, որ հրապարակային անուններ չի տա, որպեսզի տվյալ անձը հետագայում «քաղբանտարկյալ չդառնա»։ Ինչ վերաբերում է պատերազմին, նա արձագանքեց․ «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ է»։

Պատգամավորը խորհուրդ տվեց ՊՆ ռեսուրսները PR հոլովակների փոխարեն ուղղել սահմանային հսկողությանն ու մշտադիտարկմանը։

Սուրեն Պապիկյանն իր հերթին հայտարարեց, որ հիմնավորումներ չներկայացնելով՝ պատգամավորն առնվազն ստում է, և հավելեց․ «Եթե 44-օրյա պատերազմի մասին չխոսեք, մի օր ինձ կխնդրեք, ես կխոսեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում;

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment