«Շուտով փոխելու ենք պարգևավճարների համակարգը․ վերանայված աշխատավարձ ենք ստանալու»․ Բաբկեն Թունյան

«Եկեք կողմնորոշվենք՝ մենք հիմա աշխատանքով, թե սաբոտաժով ենք զբաղված։ Երեկ մենք ճշտեցինք, թե ինչ ենք քննարկելու, և պատասխանն այն էր, որ ոլորտային քննարկումներ ենք ունենալու։ Սա աշխատանք է։ Պարոն Կարապետյան, ես այդքան էլ խանդավառված չեմ, որովհետև այս երկար աշխատանքն իմ պլանները որոշակիորեն խախտեց։ Համարում եմ, որ ԱԺ-ն դժվար թե նման ռեկորդ սահմանի հանձնաժողովների կամ ընդհանրապես ԱԺ-ի ձևավորման փուլում»,-ԱԺ-ում մտքերի փոխանակության ժամանակ հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Նա վստահեցրեց՝ ամենաշատն իրենք են ուզում, որ ԱԺ-ն արագ ձևավորվի․ «Մենք ձեր քվոտան չենք վերցնում, չենք ասում, որ ընդդիմությունը պետք է հանձնաժողովների նախագահներ չունենա, բայց ամեն թեկնածուին դիտարկում ենք առանձին-առանձին»։

Խոսելով պարգևավճարների և ծառայողական մեքենաներով շրջելու վերաբերյալ ընդդիմադիրների կողմից հնչեցված մտահոգությունների մասին՝ նա ասաց․ «Շուտով փոխելու ենք պարգևավճարների համակարգը։ Պարգևավճարի փոխարեն վերանայված աշխատավարձ ենք ստանալու, չգիտեմ՝ այդ ժամանակ ոնց եք հրաժարվելու։ Բայց դուք երկու անգամ ավելի շատ աշխատավարձ եք ստացել, քան պատգամավորները պարգևավճարների հետ միասին։ Նորմալ է, որովհետև մարդիկ, որոնք պատասխանատու աշխատանք են կատարում, պիտի նորմալ վարձատրվեն ու համեմատականը, որ այսքան աղքատության պայմաններում այսքան աշխատավարձ, տեղին չէ։ Պիտի նկատի ունենալ, որ հենց երկիրը զարգացնելու համար պետք են պրոֆեսիոնալ կադրեր, իսկ նրանց պետք է նորմալ վարձատրել»։

Ծառայողական մեքենաների մասին խոսելիս էլ իր փորձը ներկայացրեց․ «Ժողովուրդ, պարզ օրինակ ասեմ՝ ծառայողական մեքենայի գլխավոր առավելությունը ժամանակն է։ Երբ որևէ տեղ եմ գնում իմ մեքենայով, երեք ժամ պիտի դնեմ էն կողմ, մինչև կայանելու տեղ գտնեմ, տաքսիով եմ գնում, շատ հնարավոր է իմ նյարդային համակարգն այնպես խախտվի, որ չկարողանամ աշխատել։ Բայց նշեմ, որ ԱԺ-ում ծառայողական մեքենաների թիվը 2 անգամ կրճատվել է»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment