Արդյո՞ք նոր շուկաներում հայկական գյուղմթերքը կարողացել է փոխարինել ռուսական շուկայի կորցրած ծավալը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հարցմանը Էկոնոմիկայի նախարարությունը պատասխանել է, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը դարձել է կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություն։ Սակայն երբ խնդրեցինք ցույց տալ՝ կոնկրետ ինչ ապրանք, ինչ քանակով և որ նոր շուկա է գնացել, նախարարությունը մեզ ուղղորդեց ՊԵԿ։ ՊԵԿ-ն էլ՝ Արմստատ։ Պաշտոնական թվերը մի շարք ուղղություններով ոչ թե թռիչքային աճ, այլ անկում են ցույց տալիս։

Հայկական գյուղմթերքի համար ռուսական շուկան այլևս այն նույն «անվտանգ նավահանգիստը» չէ, ինչ նախկինում։ Վերջին ամիսներին ռուսական կողմի տարբեր սահմանափակումները խնդիրներ են ստեղծել հայկական մի շարք ապրանքների արտահանման և իրացման համար։ Դրա ֆոնին Հայաստանի իշխանությունները խոսում են նոր շուկաներ գտնելու, արտահանման աշխարհագրությունը փոխելու և կախվածությունը նվազեցնելու մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ իսկ ի՞նչ ունենք փաստացի։

Մենք հարցում ուղարկեցինք ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով 2026 թվականի հունվարի 1-ից մինչև հարցման պատասխանի օրը տրամադրել Հայաստանից արտահանված գյուղատնտեսական և սննդամթերքի հիմնական տեսակների վերաբերյալ մանրամասն վիճակագրություն՝ ըստ ապրանքատեսակի, երկրի, քանակի, մաքսային արժեքի և մեկ կիլոգրամի միջին արտահանման արժեքի։

Նաև հարցրել էինք, թե Հայաստանի արտահանման մեջ ինչ մասնաբաժին ունեն Ռուսաստանը, ԵՄ երկրները, Մերձավոր Արևելքը, Միջին Ասիան և Ծոցի երկրները, ինչպես նաև որ երկրներում է 2026 թվականին առաջին անգամ կամ նախորդ տարվա համեմատ զգալի աճով հայկական արտադրանք հայտնվել։ Նկատենք, որ արտահանման համար պետությունը արտադրողներին սուբսիդիա է տրամադրում, սակայն կարծես թե սուբսիդիան ծախսվում է, բայց արտահանումը չի ստացվում:

Նախարարության պատասխանը, մեր հարցման միայն մի մասն էր։

Մնացածի համար մեզ առաջարկեցին դիմել Պետական եկամուտների կոմիտե։

Էկոնոմիկայի նախարարությունից, միևնույն ժամանակ, մեզ պարզաբանեցին, որ «Բիզնեսն ինքնուրույն է իրականացնում իր ապրանքատեսակին համապատասխանող շուկաների մարքեթինգային վերլուծություն և թիրախավորում»։

Սակայն հենց հաջորդ հատվածում նախարարությունը փաստում է, որ ստեղծված իրավիճակում պետությունը նույնպես ակտիվ դեր է ստանձնել։

«Ներկայում, երբ ավանդական արտահանման շուկաներում ի հայտ են եկել աշխարհաքաղաքական և լոգիստիկ խնդիրներ, արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացումը վերածվել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթության»,– ասված է պատասխանում։

Նախարարությունը հայտնում է, որ ԱԳՆ-ի և արտերկրում Հայաստանի դեսպանների հետ համագործակցությամբ իրականացվում է աշխատանք՝ հայկական ծագման ապրանքների արտահանման և գնորդների որոնման ուղղությամբ։

Դեսպաններին, ըստ նախարարության, տրամադրվել են արտահանման ենթակա ապրանքների, մինչև տարեվերջ դրանց գնահատված ծավալների, ինչպես նաև արտադրող և արտահանող ընկերությունների ցանկերը։

Ավելին՝ նախարարությունը վստահեցնում է.

«Արդեն իսկ կան Եվրոպական, Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի և Ծոցի երկրներ փաստացի արտահանված արտադրանքի ծավալներ, ինչպես նաև արտահանման նպատակով ակտիվ բանակցություններ արտահանողների և ներմուծողների միջև»։

Հնչում է լավ։

Բայց երբ անցնում ենք թվերին, պատկերը մի փոքր այլ է։

Ռուսաստան՝ արտահանումը նվազում է

Արմստատի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի մայիսին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է մոտ 169.4 մլրդ դրամ։

2025 թվականի մայիսին այն կազմում էր 197.6 մլրդ դրամ, իսկ 2024 թվականի մայիսին՝ մոտ 219 մլրդ դրամ։

Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է մոտ 28.2 մլրդ դրամով կամ 14.3 տոկոսով։

Իսկ նոր շուկանե՞րը

Այստեղ էլ պատկերն ամբողջությամբ միանշանակ չէ։

 

Դիվերսիֆիկացիան սկսվա՞ծ է, թե՞ դեռ խոստումների փուլում է

Պատասխանը միանշանակ չէ։

Մի կողմից՝ փաստացի կան նոր ուղղություններ։ Ուկրաինա և Լեհաստան արտահանման աճ կա։ Նախարարությունը հայտնում է Վրաստանի, Ուզբեկստանի, ԱՄԷ-ի, Իրանի, Ուկրաինայի, եվրոպական մի շարք երկրների, Բելառուսի և Ղազախստանի ուղղությամբ իրականացված կամ նախատեսվող արտահանման մասին։

Մյուս կողմից՝ հիմնական գյուղմթերքի մի շարք կատեգորիաներում պաշտոնական մայիսյան թվերը ցույց են տալիս կտրուկ անկում։

Ծաղիկներ՝ -35 տոկոս ծավալով։

Հատապտուղների համապատասխան խումբ՝ մոտ -23 տոկոս։

Կորիզավոր մրգեր՝ ավելի քան -99 տոկոս։

Ռուսաստան ընդհանուր արտահանում՝ մոտ -14 տոկոս մեկ տարվա կտրվածքով։

Այս թվերը դեռ չեն նշանակում, որ դիվերսիֆիկացիան ձախողվել է։ Հունիսյան օպերատիվ տվյալները ցույց են տալիս, որ նոր ուղղություններով արտահանում իսկապես իրականացվել է, և հատկապես ծիրանի ու կեռասի մասով ծավալները զգալի են։

Բայց մի բան արդեն պարզ է։

Ռուսական շուկայի հնարավոր կորուստը դեռ ամբողջությամբ չի փոխարինվել նոր շուկաներով։

Եվ հենց սա է այն հարցը, որի պատասխանը պետք է տալ ոչ թե ընդհանուր հայտարարություններով, այլ թվերով։

Քանի՞ տոննա էր գնում Ռուսաստան։

Քանի՞ տոննա է հիմա գնում այնտեղ։

Քանի՞ տոննա է գնացել Ուկրաինա, Լեհաստան, Նիդերլանդներ, Ծոցի երկրներ, Մերձավոր Արևելք և Միջին Ասիա։

Եվ ամենակարևորը՝ արդյո՞ք նոր շուկաներում հայկական գյուղմթերքը կարողացել է փոխարինել ռուսական շուկայի կորցրած ծավալը։

Այս հարցերի ամբողջական պատասխանը դեռ չունենք։

Իսկ քանի դեռ չունենք, «արտահանման դիվերսիֆիկացումը դարձել է կառավարության առաջնահերթություն» հայտարարությունը մնում է քաղաքական խոստում, ոչ թե ամբողջությամբ չափված տնտեսական արդյունք»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Leave a comment