Ռուբեն Ռուբինյանը վիրահատվել է, քվեարկությանը չի մասնակցի. Վահագն Ալեքսանյանը մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ քվեարկությանը չմասնակցելու պատճառներին և պատասխանեց ընդդիմադիր թեկնածուների վերաբերյալ խմբակցության դիրքորոշմանը վերաբերող հարցերին։

Անդրադառնալով լրագրողների հարցին, թե արդյոք ճիշտ է, որ ԱԺ նախագահը վիրահատվել է, Ալեքսանյանը հաստատեց թեթև առողջական խնդրի առկայությունը և նշեց, որ նա չի մասնակցի ընթացիկ քվեարկությանը։

«Թեթև առողջական խնդիր է, այո՛, կվերականգնվի, կգա։  Ոչ մի լուրջ բան չկա, այսքանը կարող եմ ասել»,-ասաց նա։

Միևնույն ժամանակ, պատգամավորը հրաժարվեց բժշկական մանրամասներ հաղորդել՝ նշելով. «Դե այդ բժշկական տեղեկատվությունը թույլ տվեք ես չասեմ»։

Վահագն Ալեքսանյանը հայտնեց, որ հասարակության մեջ կան տարբեր կարծիքներ՝ ստվար զանգված, որը պահանջում է չընտրել ընդդիմադիր թեկնածուներին, և հակառակ հատվածը, որը պահանջում է ընտրել նրանց, Ալեքսանյանը նշեց, որ որոշումը կներկայացվի քվեարկության արդյունքների հաշվարկից հետո․ «Մեր որոշումը և թե՛ դրա մոտիվացիոն մասը կներկայացնենք ընտրություններից հետո։ Հաշվարկից հետո կներկայացնենք մեր մոտեցումները առհասարակ»։

Հարցին, թե ինչու էր նախագահի դեպքում նախապես հայտարարվել քաղաքական որոշման մասին, Ալեքսանյանն արձագանքեց. «Այո՛, դա այլ քաղաքական իրավիճակ էր, սա այլ քաղաքական իրավիճակ է»։


Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment