ԱՄՆ-ն և Կանադան շարունակում են ունենալ էական տարաձայնություններ, որոնք անհրաժեշտ է կարգավորել մինչև օգոստոսի 19-ի վերջնաժամկետը, նախքան կանադական մի շարք ապրանքների նկատմամբ նախատեսվող 50% մաքսատուրքերի սահմանումը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Կանադայի գլխավոր առևտրային բանակցող Ջենիս Շարեթը կառավարության խորհրդատվական խմբին հայտնել է, որ երկու երկրների միջև միջանկյալ համաձայնության հասնելու համար դեռևս մեծածավալ աշխատանք է անհրաժեշտ։
Կանադայի Առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն և վարչապետ Մարկ Քարնիի՝ կանադա-ամերիկյան տնտեսական հարաբերությունների հարցերով խորհրդատվական կոմիտեի անդամ Քենդիս Լեյնգը հայտարարել է, որ կարճ ժամկետները լուրջ մարտահրավեր են։
Նա հավելել է, որ քննարկումները կառուցողական բնույթ են կրել, ինչը որոշակի հիմք է տալիս լավատեսության համար։
Սպիտակ տունը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել՝ կիրառելով ԱՄՆ-ի առևտրային օրենսդրությունը, որն ընդունվել է Մեծ դեպրեսիայի ժամանակաշրջանում։ Անցյալ տարի երկու երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը կազմել է գրեթե 900 մլրդ դոլար։
ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը ուրբաթ օրը հայտարարել է, որ Կանադան պետք է չեղարկի իր պատասխան առևտրային միջոցները՝ նոր մաքսատուրքերից խուսափելու համար։
Վաշինգտոնը ցանկանում է, որ ամերիկյան ալկոհոլային խմիչքները կրկին հայտնվեն Կանադայի նահանգային ալկոհոլային խմիչքների խանութներում։ Նահանգների մեծ մասը սահմանափակումներ կամ արգելքներ է կիրառել ամերիկյան ալկոհոլի նկատմամբ՝ ի պատասխան անցյալ տարի ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի։
ԱՄՆ-ն նաև պահանջում է փոփոխություններ կատարել կաթնամթերքի նկատմամբ կանադական քվոտաների և ավտոմոբիլային արտադրանքի համար սահմանված պատասխան մաքսատուրքերի հարցում։
Օտտավան ցանկանում է նվազեցնել ԱՄՆ-ի կողմից Առևտրի մասին օրենքի 232-րդ բաժնի հիման վրա սահմանված մաքսատուրքերը, որոնք ավելի քան մեկ տարի է՝ ազդում են Կանադայի պողպատի, ալյումինի և ավտոմոբիլային արդյունաբերության վրա։
Կանադացի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ 50% մաքսատուրքերի սահմանումը վեճը կտեղափոխի ավելի լուրջ փուլ։ Քարնին հայտարարել է, որ բոլոր տարբերակները շարունակում են մնալ օրակարգում, եթե Վաշինգտոնը շարունակի գանձել այդ մաքսատուրքերը՝ Կանադայի նկատմամբ պատասխան քայլեր ձեռնարկելու ներքին ճնշման պայմաններում։
Լեյնգը նախազգուշացրել է, որ հետագա պատասխան միջոցները կարող են վնաս հասցնել Կանադային՝ մատնանշելով երկու երկրների տնտեսությունների սերտ ինտեգրվածությունը։ Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է հավասարակշռի ԱՄՆ-ի գործողություններին պատասխանելու անհրաժեշտությունը՝ կանադական բիզնեսին և սպառողներին լրացուցիչ վնաս հասցնելու ռիսկի հետ։