Էվա Խլղաթյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

Լոզնիցայում (Սերբիա) ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանից առաջինը պայքարի մեջ մտավ աղջիկների հավաքականի անդամ, 54 կգ քաշային Էվա Խլղաթյանը։ Նրա մրցակիցը՝ բելառուս Սոֆյա Առլովան, բարձրահասակ էր եւ դա կարող էր նրան առավելություն ապահովել։ Սակայն մեր մարզուհին ոչ միայն հմտորեն կարողանում էր խուսանավել նրա հեռու տարածությունից կատարած հարվածներից, այլեւ հաջողությամբ մտնում էր մերձամարտ ու ինքն էր դիպուկ հարվածներով անհրաժեշտ միավորներ վաստակում։

Իսկ երրորդ ռաունդի միջնամասում մերձամարտերից մեկի ժամանակ Էվան մարզիչներ Վազգեն Բադալյանի եւ Արթուր Մելքումյանի հուշումներով կարճ ուղիղ հարվածով ցնցեց բելառուսին, ու մրցավարը բացեց հաշիվը։ Դրանից հետո Էվային մնում էր ընդամենը մենամարտը տեղափոխել համեմատաբար խաղաղ հուն, ինչն էլ մեր մարզուհին արեց ու վստահ հաղթանակ տարավ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment