Ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, որին մենք համաձայն չենք. Փաշինյանը` ԵԱՏՄ-ի մասին

Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի ընտրության հետ կապված ՀՀ-ում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ռուսական կողմի պնդումներին


ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի ընտրության հետ կապված ՀՀ-ում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ռուսական կողմի պնդումներին:

«Եթե, այսպես ասած, կողքի ուղեկցող փաստերը մի կողմ դնենք և կենտրոնանանք բուն թեմայի վրա, բուն թեման այն է, որ ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, որին մենք արդեն ասել ենք, որ համաձայն չենք», – հայտարարեց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

Անդրադառնալով ապրանքների ներմուծման և արտահանման պատրաստվելու հետ կապված խնդիրներին՝ վարչապետը նշեց, որ դա չի կապվում այս իրավիճակի հետ։

«Մենք այսպես թե այնպես պետք է մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք, և եթե նույնիսկ հիմա վերադառնանք նախնական վիճակին, դրանից մեր օրակարգը չի փոխվում, որովհետև խնդիր է, երբ մեր արտահանումները կամ ներմուծումները կարող են կախված լինել կամ մեծապես կախված լինել մի օղակից», – ընդգծեց Փաշինյանը։


Հայաստան – ԵԱՏՄ – ԵՄ


2025 թ.-ի գարնանը Հայաստանում ընդունվել է ՀՀ-ի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը: Ընդ որում, օրենքի ընդունումն ինքնին չի նշանակում Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտի ներկայացում:


Հայաստանի իշխանությունները հայտարարում են Եվրամիության հետ մերձեցման կուրսը շարունակելու և միաժամանակ ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու մտադրության մասին՝ քանի դեռ այս երկու ուղղությունների համատեղումը հնարավոր է մնում:


2026 թ.-ի մայիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է լիարժեքորեն օգտագործել միավորման ներուժը սեփական տնտեսական շահերի պաշտպանության համար:

Leave a comment