«Ռուս գործընկերներին ասել եմ՝ եկեք ձեւավորենք խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխանը, թե ոնց է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ»

«Ռուսական երկաթուղիների տնօրենը Հայաստան է ժամանել իմ առաջարկով եւ հրավերով։ Եվ ես ասել եմ, որ մենք խնդիր չունենք ռուսական կոնցեսիայի հետ։ Մեր խնդիրն այն է, որ մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ։ Եվ ես նաեւ երեկվա խոսքում եմ ասել, որ այդ նպատակին միտված մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա համար ռացիոնալ ձեւաչափը կոնցեսիոն կառավարման ձեւաչափը փոխելն է, այսինքն՝ երրորդ երկրներին պատվիրակելը։ Բայց, եթե Ռուսաստանի գործընկերներն ասում են՝ իրենք գիտեն ինչպես լուծել այդ հարցը, իրենք կարող են լուծումներ առաջարկել, քննարկման արդյունքում ես ասել եմ՝ շատ լավ, ուրեմն եկեք ձեւավորենք խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխանը, թե ոնց է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ երեկվա հանդիպմանը (լուսանկարում)։

Փաշինյանն ասաց, որ ռուսական կողմն ասել է՝ պատժամիջոցները չեն խանգարում այս գործընթացին։ «Մենք համարում ենք, որ դա խնդիր է, բայց իրենք ասում են, որ չի խանգարում։ Եթե իրենք ունեն որեւէ հարցի պատասխան, երբեք մեր տրամադրությունը եւ տրամադրվածությունը չի եղել այն, որ այս է, եւ վերջ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին, թե ռուսական կողմի հետ կապված իր դիրքորոշումներում նահա՞նջ կա, Փաշինյանը պատասխանեց․ «Մենք չենք գրոհել, որ մի հատ էլ նահանջենք»։

«Նախկինում էլ նույն ատոմակայանի հետ կապված մեր դիրքորոշումը եղել է հետեւյալը՝ մենք փնտրում ենք լավագույն առաջարկ, ով կանի լավագույն առաջարկը, մենք այդ առաջարկը կընդունենք։ Նույնը վերաբերում է երկաթուղուն»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment