Վարչապետ․ Երկաթուղու մասով ուզում ենք բարեկամական լուծում (PAN.am)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկաթուղու հարցում Հայաստանը ցանկանում է ՌԴ հետ բարեկամական լուծում գտնել, չի ցանկանում գնալ սուր լուծումների:

«Պետք է բարեկամական հասկանանք, ընկալենք իրար շահերը և գնանք որոշակի կոմպորմիսների։ Նախկինում խոսել եմ այն մասին, որ այդ կոմպրոմիսներից մեկը կարող է լինել ռուսական երկաթուղիների կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը՝ ամբողջությամբ կոմ մասնակի, որտեղ միջազգային ցանցին ինտեգրվելու Հայաստանի այս պատմական հնարավորությունը չխոչնդոտվի»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ պայմանագրի խզման կամ լուծարման տարբերակը միշտ էլ հնարավոր է, սակայն նման ճանապարհ չեն ցանկանում ընտրել:

«Ես ոչինչ չունեմ ՌԴ-ի դեմ, հարգանքով և ըմբռնումով եմ վերաբերում ՌԴ-ի շահերին»,-ասել է նա:

Վարչապետը նշել է, որ մասնագետների հետ աշխատանքի ընթացքում հնչում են տարբեր տարբերակներ, հայտնում է Panorama.am-ը:

«Մասնագետների հետ աշխատանքի ընթացքում հնչում են տարբեր տարբերակներ՝ օրինակ ընկերության մի մասի վաճառք, ընդ որում՝ ռուսական կողմը պետք է մնա մինորիտար բաժնետեր։

Մեկ այլ տարբերակ լիցենզիան բաժանելն է: Երկաթուղիների դեպքում լիցենզիան ներառում է ենթակառուցվածքների սպասարկում և հենց փոխադրումներ,այդ գործառույթները կարելի է վերաբաշխել, և նման տարբերակները շատ են»,-ասել է նա:

Փաշինյանը մայիսին հայտարարել էր, որ երկաթուղու ռուսական կոնցեսիոն կառավարումը Հայաստանին զրկում է որոշ մրցակցային առավելություններից՝ առաջարկելով հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար բարեկամ որևէ երրորդ երկրի փոխանցել։ Ռուսական կողմից տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի փոխանցելը նպատակահարմար չեն համարում։

Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը իրականացնում է Ռուսաստանը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջոցով։

Leave a comment