Օգոստոսի 12-ին համացանցում տարածված տեսանյութում արձանագրվել է անչափահասի նկատմամբ անձի կողմից հոգեբանական ճնշում գործադրելու դեպք, հայտնում է ՆԳՆ-ն:
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ պարզվել է դեպքի հետ առնչություն ունեցող անձանց ինքնությունը։ Անչափահասը, նրա ծնողները, ինչպես նաև միջադեպի մյուս մասնակիցները հրավիրվել են ոստիկանության Մաշտոցի բաժին։
Պարզվել է, որ անչափահասը սոցիալական հարթակներից մեկում խանութներից մեկի մասին վիրավորական գրառում է հրապարակել։ Դրանից հետո խանութի սեփականատերը, նրան պատժելու նպատակով, հոգեբանական ճնշում է գործադրել անչափահասի նկատմամբ, այնուհետև կատարվածը տեսաձայնագրել և տեղադրել համացանցում։
Դեպքի առնչությամբ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմնին։ Ներկայում պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները։