Հայկ Ֆարմանյանը TRIPP-ի մասին լուսային արագությամբ փոխեց կարծիքը, և հանկարծ միջանցքը դարձավ ճանապարհ. Հարությունյան


Խորհրդարանը շարունակում է քննարկել Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը:


Ելույթով հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը,որը, ողջունելով ԱԺ նախագահությանը, սակայն, չդիմեց Արամ Վարդևանյանին՝ իր որոշումը բացատրելով հետևյալ կերպ. «Պարոն Վարդևանյան, ձեզ չեմ դիմում, որովհետև արդեն որերորդ անգամ լինելով՝ Դուք դուրս եք գալիս և, էթիկետին համապատասխան՝ նախագահությանը դիմելու փոխարեն, չեք անում դա՝ լինելով նախագահությունում»:


Հարությունյանի խոսքով՝ Վարդևանյանը հարգանք չի ցուցաբերում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի, մյուս երկու փոխնախագահների նկատմամբ, ընդ որում՝ ընտրվելուց հետո նա իր ելույթում չի խոսել այն կոնսենսուսի մասին, որը եղել է իր ընտրության դեպքում:


«Որովհետև եթե ՔՊ-ն ձեզ բավարար ձայներ չտար, այդտեղ չէիք հայտնվելու, և մենք դա արել ենք ընդդիմության հետ նորմալ միջավայրում աշխատելու համար»,- հայտարարեց Հարությունյանը՝ կոչ անելով, որ այդ քայլերը գնահատվեն: 


Իր խոսքում պատգամավորն անդրադարձավ Ֆարմանյանի՝ նախօրեի ելույթին, նշեց՝ նա բավարար ազնիվ չի եղել այս բարձր ամբիոնից հարցերին պատասխանելիս:


«Պարոն Ֆարմանյանին հարցնում ես, ասում ես՝ ո՞նց եղավ, որ «Էֆ-Էյչ» (FH) ընկերության անունը պատահականությամբ համընկել ձեր անուն-ազգանվան առաջին երկու տառերի հետ: FH անգլերենից՝ Ֆարմանյան Հայկ, ասում է՝ դա Ձեր երևակայությունն է, տիկին Ծովինարը (ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյան – խմբ.) հարցնում է՝ մի ընկերություն էլ կա՝ «Էֆ-Էյչ-Էն» (FHN), դա էլ ոնց որ ձեր անուն-ազգանուն-հայրանունն է, ասում է՝ հա, դա ես եմ: Տենց պատահականություններ լինո՞ւմ են, հա՞, բնության մեջ:


Ընդ որում՝ երջանիկ պատահականությամբ այդ ընկերությունից պարոն Ֆարմանյանը նվազագույն աշխատավարձ է ստացել և մի հսկայական փոխառություն»,- ասաց պատգամավորը՝ ուշադրություն հրավիրելով փաստի վրա, որ Ֆարմանյանը արագորեն փոխում է իր կարծիքը՝ լինի դա ապօրինի գույքի բռնագանձման, թե TRIPP-ի վերաբերյալ:


«TRIPP-ի մասին նույն լուսային արագությամբ փոխվեց կարծիքը, և հանկարծ միջանցքը դարձավ ճանապարհ»,- նշեց Արայիկ Հարությունյանը՝ կարևորելով, որ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավակնող մարդը պետք է համապատասխանի այդ պաշտոնին: 

Leave a comment