Լիոնել Մեսսին սոցցանցերում հրապարակված անկեղծ ու հուզիչ ուղերձով հրաժեշտ է տվել կյանքից հեռացած հորը՝ ընդգծելով, որ անհնար է հաշտվել կորստի հետ։
Աշխարհահռչակ ֆուտբոլիստը նշել է, որ հայրն իր կյանքի ու կարիերայի հիմքն է եղել՝ մանկուց ուղեկցելով իրեն մարզումների, լինելով միաժամանակ հայր, ընկեր և խորհրդատու։
«Դու միշտ խնդրում էիր, որ ես մասնակցեմ աշխարհի վերջին առաջնությանը, իսկ մեկնարկից մի քանի օր առաջ քո վիճակն էլ ավելի վատացավ։ Դա առաջին անգամն էր, երբ դու մրցաշարում կողքիս չէիր լինելու, բայց մայրիկն ինձ ասում էր, որ վիճակդ կբարելավվի, և դու այնքան առողջ կլինես, որ կկարողանաս մեկնել։ Ես քեզ ասում էի, որ մենք հասնելու ենք եզրափակիչ, որպեսզի դու կարողանաս գալ։ Ամեն անգամ, երբ ավարտում էի խաղը, սպասում էի քո հաղորդագրությանը և կարոտում էի այն։ Այդ ժամանակ հասկացա, որ իրավիճակն իսկապես վատ էր»,- գրել է նա։
Մեսսին խոստովանել է, որ չնայած համատեղ հաղթանակներին ու դժվարություններին, նա շատ բաներ չհասցրեց կիսել հոր հետ, և այժմ առանց նրա շարունակելը չափազանց դժվար է։
«Ես շատ եմ կարոտելու քեզ, բայց դու միշտ ինձ հետ կլինես, հատկապես երեխաներիս դաստիարակության հարցում, որովհետև ես նրանց սովորեցնում և դաստիարակում եմ այնպես, ինչպես ինձ էին դաստիարակել։ Հանգչիր խաղաղությամբ և վերևից հոգ տար մեր մասին, ինչպես այստեղ էիր հոգ տանում։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Ես սիրում եմ քեզ, պա՛պ»,- գրառումը եզրափակել է Մեսսին։