«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նախատեսում է օրենսդրական փոփոխությունների միջոցով Հայաստանում ավելի հասանելի դարձնել եվրոպական որակյալ դեղերը և նվազեցնել դրանց արժեքը։ Այդ մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
Նա հայտնել է, որ այցելել են Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոն, որտեղ կենտրոնի տնօրենի հետ քննարկելու են Հայաստանում եվրոպական դեղամիջոցների հասանելիության հետ կապված խնդիրը, գրում է Aysor.am-ը:
Կարապետյանի խոսքով՝ ներկայում գործող սահմանափակումների հետևանքով եվրոպական բարձրորակ դեղամիջոցների զգալի մասը հայկական դեղատներում վաճառքի չի ներկայացվում։ Նրա ներկայացրած տվյալներով՝ Հայաստանում գրանցված է մոտ 3000 անուն դեղամիջոց, մինչդեռ եվրոպական երկրներում դրանց թիվը հասնում է մինչև 25 հազարի։
«Այսօր մենք դա ենք քննարկելու, որպեսզի օրենսդրական նախագծով հանդես գանք, ինչը կիջեցնի գները և կավելացնի առողջապահության որակը, քանի որ դեղերը որակյալ են»,- նշել է Նարեկ Կարապետյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ հանդիպման արդյունքներն ամփոփելուց հետո քաղաքացիներին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն։