«Հարի Փոթերի» երկրպագուներին հաջողվել է փոխել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միջև անցկացվող բազմամիլիոնանոց էներգետիկ մալուխի երթուղին այն բանից հետո, երբ նրանք բողոքել են, որ այն կարող է վնասել Դոբիի՝ տնային էլֆի «հուշահամալիրը»: Այս մասին հայտնում է BBC-ն։
430 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ Greenlink ինտերկոնեկտորը միացնում է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի էներգահամակարգերը՝ Ուեքսֆորդ կոմսության և Ֆրեշուոթեր-Ուեսթի միջև անցկացված ավելի քան 200 կմ երկարությամբ մալուխի միջոցով։ Այն անցնում է Փեմբրոքշիրի լողափով, որտեղ «Հարի Փոթեր» ֆիլմաշարում նկարահանվել է հորինված կերպար Դոբիի մահվան տեսարանը։
Etchea Energy ընկերության հիմնադիր Սայմոն Լադլամը պատմել է, որ նախագծի վերաբերյալ BBC News-ին տված հարցազրույցը հանրային կապերի տեսանկյունից վերածվել է իսկական մղձավանջի այն բանից հետո, երբ երկրպագուներն իմացել են մալուխի անցկացման ծրագրերի մասին։
«Իրականում մենք բավական մոտ էինք բրոնզեդարյան իսկական հուշարձաններին, բայց Դոբիի գերեզմանը շրջանցեցինք: Շատ մարդիկ դրանից շատ գոհ էին, և այժմ նախագիծն իրականացվում է, իսկ Դոբին գոհ է»։
Ինչպես գրում է BBC-ն, բրոնզեդարյան հուշարձանները, որոնց հարևանությամբ անցել է մալուխը, հիշատակվել են Փեմբրոքշիրի խորհրդի՝ էներգետիկ միացման նախագծի վերաբերյալ պլանավորման փաստաթղթերում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ փաստաթղթերում նշվում էր, որ ստորգետնյա մալուխի երթուղու հարևանությամբ փորված հնագիտական խրամատները «պարունակում էին շրջված կերամիկական անոթի եզր, որի նյութը վկայում է բրոնզեդարյան օձիքաձև թաղման սափորի մասին։ Այն թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 1700-1500 թվականներին և սովորաբար կապված է մարդկային թաղումների հետ»։
Մալուխի երթուղու փոփոխությունը առաջին դեպքը չէ, երբ հաջողվում է պահպանել Դոբիի գերեզմանը, նշում է BBC-ն։ Այսպես, 2022 թվականին National Trust-ը հանրային քննարկումներից հետո համաձայնել էր այն թողնել տեղում, սակայն այցելուներին կոչ էր արել այնտեղ հուշանվերներ չթողնել։
Երկրպագուներին խնդրել էին նաև ժամանակավոր գերեզմանի վրա գուլպաներ չթողնել։ Այն կառուցված է քարերից, որոնց վրա գրված են տարբեր ուղերձներ, քանի որ լողափը էկոլոգիապես խոցելի տարածք է։