Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում վերջին օրերին լայնորեն շրջանառվում է ՍիվիլՆեթի տարբերանշանով մի տեսանյութ, որտեղ պնդվում է, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ամբողջությամբ արգելել հղիության արհեստական ընդհատումը:
Մասնավորապես, X հարթակում տարածվող անգլերեն տեսանյութում նշվում է, թե գործադիրը «ավարտին է հասցրել» մի օրենք, որը համատարած կարգելի աբորտները՝ «փորձելով լուծել ժողովրդագրական ճգնաժամը և 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ շահել պահպանողական ընտրողների աջակցությունը»։
Տարածվող տեսանյութը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Այն «Սիվիլնեթի» արտադրանք չէ, սակայն օգտագործում է «Սիվիլնեթի» տարբերանշանը՝ օգտատերերի մոտ թյուր տպավորություն ստեղծելու համար, թե բովանդակությունը հեղինակել է հայաստանյան լրատվամիջոցը։
Ինչպե՞ս է տարածվել ապատեղեկատվությունը
Տարածվող տեսանյութը պատրաստված է արհեստական բանականության (ԱԲ) գործիքներով։ Ձայնը սինթեզված է, իսկ կադրերը մոնտաժվել են իրական լրատվական թողարկման պատրանք ստեղծելու նպատակով։
Տեսանյութը X հարթակում ակտիվորեն տարածվում է փետրվարի 8-ից տասնյակ կեղծ օգտահաշիվների միջոցով, որոնց մեծ մասը Հայաստանի հետ կապ չունեցող էջեր են և հիմնականում հրապարակում են հումորային, սպորտային, կրիպտոարժույթների թեմաներով գրառումներ։ Նմանատիպ էջերը հաճախ են կիրառվում ապատեղեկատվական արշավներին արհեստական մասշտաբ հաղորդելու նպատակով։
Միջազգային հետազոտողները նմանօրինակ ձևաչափով իրականացվող ապատեղեկատվական արշավները բնորոշում են «Matryoshka» ( (հայտնի նաև որպես «Operation Overload» կամ «Storm-1679») անվանումներով։ Սա ռուսական ծագմամբ ցանց է, որը մասնագիտացած է կեղծ տեսանյութերի ստեղծման մեջ՝ օգտագործելով հեղինակավոր լրատվամիջոցների, այդ թվում՝ BBC-ի, Euronews-ի կամ Deutsche Welle-ի տարբերանշանները։ Այս անգամ թիրախում «Սիվիլնեթն» է՝ տեղեկատվությանը տեղական լուրի տեսք հաղորդելու համար։
Ուշագրավ է, որ այս արշավն աչքի է ընկնում հիբրիդային մոտեցմամբ, որտեղ «Storm-1679»-ի արշավը համադրվում է մեկ այլ հայտնի «Storm-1516»-ի մարտավարության հետ. կեղծիքը նախ հրապարակվում է արտասահմանյան կայքերում որպես «հետաքննական հոդված», որպեսզի հետո այն հնարավոր լինի մատուցել որպես հավաստի սկզբնաղբյուր։
Որպես սկզբնաղբյուր օգտատերերը հղում են անում թուրքական «ODA TV» կայքում «Նոր լարվածություն Հայաստանում. աբորտների արգելք» վերտառությամբ հրապարակված հոդվածին։ Դրանում պնդվում է, թե Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է աբորտների արգելքը՝ ընտրություններում ձայներ շահելու համար։ Նյութի հեղինակը թուրք լրագրող Օկայ Դեպրեմն է։ Վերջինս վերջին շրջանում աչքի է ընկել Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածմամբ և, ըստ բաց աղբյուրների, ունի կապեր Ռուսաստանի հետ։
Թուրք լրագրողի նույն ձևակերպումներով հոդվածը հրապարակվել է նաև չինական պետական CGTN Türk լրատվամիջոցում`«Աբորտների արգելքը Հայաստանում» վերտառությամբ։ Սակայն հրապարակումը, ինչպես նաև թուրք լրագրողի մի շարք այլ հոդվածներ, ներկայում չինական կայքից հեռացված են։
Սա Օկայ Դեպրեմի առաջին նմանօրինակ հրապարակումը չէ. նախկինում նա կեղծ լուրեր էր տարածել Փաշինյանի որոշմամբ Սյունիքից տարածքների իբր հնարավոր զիջման, Թուրքիայի նախագահ Էրդողանի խնդրանքով Հայաստանում տասնյակ մզկիթների կառուցման, ինչպես նաև իշխանությունների կողմից իբր հավանության արժանացած ԼԳԲՏ շքերթի վերաբերյալ։
Ի՞նչ է ասում օրենքը Հայաստանում և ինչպե՞ս են արձագանքել իշխանությունները
Հայաստանի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքել է շրջանառվող տեղեկությունը՝ շեշտելով, որ աբորտների արգելքի վերաբերյալ որևէ նախաձեռնություն չկա։ Գերատեսչությունը տարածվող նյութերը որակել է որպես մանիպուլյատիվ և հիբրիդային ազդեցության գործիքների տրամաբանության մեջ տեղավորվող ապատեղեկատվություն։
Համակարգված հիբրիդային արշավների համատեքստը
Սոցիալական ցանցերում տարածվող այս կեղծ լուրերը Հայաստանի դեմ ուղղված ավելի լայն՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) շրջանակում իրականացվող գործողությունների մաս են։ 2025-ի սկզբից տեղեկատվական դաշտում կտրուկ աճել է օտարալեզու «սկանդալային կեղծ բացահայտումների» հոսքը, որոնք ներկայացվում են որպես միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների նյութեր, սակայն իրականում հրապարակվում են կեղծ, հեղինակավոր լրատվամիջոցներին նմանակող կամ քաղաքականապես փոխկապակցված կայքերում։
Միջազգային հետազոտությունները, այդ թվում՝ ֆրանսիական «VIGINUM» գործակալության զեկույցները, փաստում են, որ այս գործողությունները կապված են Ռուսաստանի հետ։ Նմանատիպ սցենարներ նախկինում կիրառվել են Ուկրաինայի, Մոլդովայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեմ։ Օրինակ՝ Մոլդովայի ընտրություններից առաջ «Մատրյոշկա» ցանցը թիրախավորում էր նախագահ Մայա Սանդուին՝ օգտագործելով նույնատիպ մանիպուլյատիվ մեթոդներ։
Նախկինում նմանատիպ արշավները թիրախավորել են Փաշինյանին՝ իբր գաղտնի կենսալաբորատորիաների, Կանադայում և Ֆրանսիայում շքեղ առանձնատների և սեռական թրաֆիքինգի վերաբերյալ հորինված մեղադրանքներով, որոնք հաճախ հրապարակվել են կեղծ լրատվական կայքերում և տարածվել սոցիալական ցանցերում։
Կարդա նաև՝ Հայաստանի դեմ ապատեղեկատվության հետքերով․ նարատիվներից՝ կազմակերպված ցանցեր
The post Կեղծ լուր՝ Սիվիլնեթի անունից․ հորինված պատմություն Հայաստանում աբորտների արգելքի մասին appeared first on CIVILNET.