Երբ երկրի ղեկավարը պատրաստ է հարմարվել թշնամու օրակարգին, երբ Արցախը վերածվում է բանակցային մանրադրամի, իսկ հայ ժողովրդի ողբերգությունը՝ անտեսանելի ֆոնի, ապա ո՞ւմ շահերն է սպասարկում այդ իշխանությունը․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեկ օրվա ընթացքում՝ երկու իրադարձություն։ Եվ երկուսն էլ՝ Հայաստանի իշխանության իրական դեմքի հերթական բացահայտումը։

Թրամփը հայտարարում է, թե Պուտինը տասը տարի չի կարողացել կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները, իսկ ինքը դա արել է երկու օրում։ Մի նախադասություն, որը Հայաստանի իշխանությունը պարտավոր էր գնահատել ոչ թե որպես խաղաղության հաղթանակ, այլ որպես Հայաստանի ու Արցախի ճակատագրի շուրջ կայացված որոշումների և դրանց իրական գնի մասին լուրջ հարցերի առիթ։

Նույն օրը Հայաստանի վարչապետը Թուրքմենբաշիում ադրբեջանական տաղավարում ծանոթանում է Ադրբեջանի «մշակութային ավանդույթներին»՝ ներառյալ «Ղարաբաղի տան» ցուցադրությունը։ Այն Ղարաբաղի, որտեղից հայաթափվել է բնիկ հայ ժողովուրդը, որտեղ այսօր պատանդ են պահվում հայեր, իսկ հայկական մշակութային ժառանգությունը յուրացվում ու ներկայացվում է որպես ադրբեջանական։

Եվ այս ամենը՝ այն պայմաններում, երբ Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը մնում է չիրացված, իսկ Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակումը՝ չլուծված խնդիր։

Այս ամենը դիվանագիտական անզգուշության մասին չէ։ Սա քաղաքականության, արժանապատվության և սեփական ժողովրդի շահերը պաշտպանելու անկարողության մասին է։

Երբ երկրի ղեկավարը պատրաստ է հարմարվել թշնամու օրակարգին, երբ Արցախը վերածվում է բանակցային մանրադրամի, իսկ հայ ժողովրդի ողբերգությունը՝ անտեսանելի ֆոնի, ապա ո՞ւմ շահերն է սպասարկում այդ իշխանությունը։

Այս իշխանության օրոք խաղաղության մասին խոսում են, իսկ պարտության հետևանքները դարձել են մեր ժողովրդի առօրյան։ Խոսում են ինքնիշխանությունից, բայց սեփական օրակարգը ձևավորելու կամք և կարողություն չեն ցուցաբերում։

Մեկ օրն էլ բավական է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ։

Հայաստանը զավթելու համար պարտադիր չէ սահման հատել։ Բավական է, որ երկրի ներսում իշխանության լինեն մարդիկ, որոնք սեփական ժողովրդի շահերը պաշտպանելու կարողություն չունեն, միևնույն ժամանակ Արցախը ոչնչացնողների, Հայաստանը զավթել ցանկացողների կամակատարներն են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment