«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ակտիվների, քաղաքական խոսույթի և ընդդիմադիր դաշտի զարգացումների շուրջ ստեղծված իրավիճակին է անդրադարձել Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Այսօր Կարապետյանի հերթական դատական նիստն է ընթանում։
Factor TV-ի հարցին, թե Սամվել Կարապետյանի նախորդ օրվա հայտարարությունը Ազգային ժողովում միջադեպի պատճառ էր դարձել (երբ Նարեկ Կարապետյանն ու Տարոն Չախոյանը վիճաբանել էին այդ արտահայտության շուրջ), և արդյոք պատրաստվո՞ւմ է վերանայել իր խոսույթը կամ ում մեղքով է տեղի ունեցել միջադեպը, Կարապետյանը պատասխանել է․
«Իրենք Ազգային ժողովում վերջացրել են այդ հարցը։ Դուք բոլորդ տեսաք՝ ում մեղավորությունն էր, դրա համար չեմ ուզում խոսել»,- ասաց Կարապետյանը։
Խոսույթը վերանայելու և դրա համար զղջալու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա նշեց․
«Այսինքն ո՞ր խոսույթի մասով։ Եթե դուք հարց եք տալիս իմ բիզնեսները խլելու մասին, ես ավելի հետաքրքիր խոսույթ ունեմ»։
Անդրադառնալով Կառավարության նիստում հնչած հայտարարություններին, թե ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու է հավատարմագրային կառավարման, Կարապետյանն ընդգծեց.
«Դե իրենք դեռ պետք է կարողանան խլել, որ հանձնեն։ Դրա համար գոյություն ունեն դատարաններ՝ Հայաստանի դատարաններ, միջազգային դատարաններ։ Մենք հիմա պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ»։
Սամվել Կարապետյանն անդրադարձել է նաև ՀԷՑ-ին ուղղված հավելագրումների մեղադրանքներին՝ շեշտելով, թե դրանք անհիմն են․
«Իրենք ստիպված հայտարարությունները, որը իրենց քաղաքական ղեկավարն անում է, ստիպված կրկնում են, բայց դրա դիմաց չունեն ոչ մի ապացույց։ Արդեն մեկ տարի երկու ամիս կառավարում են, չկա ոչ մի ապացույց»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան