Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը մոտ երկու երրորդով նվազել է

Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի հետ ապրանքաշրջանառության նվազումը «դրամատիկ»  է որակել


ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/. 2026 թ.-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2025 թ.-ի համեմատ նվազել է մոտ երկու երրորդով և կշարունակի նվազել, լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:


Ըստ ՏԱՍՍ-ի՝ Օվերչուկն այդ նվազումն անվանել է «դրամատիկ»: «Այն իրավիճակը, որը զարգանում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի հարաբերություններում, կանխատեսելի էր: Մենք վերջին երեք-չորս տարիների ընթացքում Հայաստանի մեր գործընկերներին ասում էինք, որ նման ռիսկեր գոյություն ունեն, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության նվազման ռիսկերը»,- ասել է ՌԴ կառավարության փոխնախագահը:


Նրա խոսքով՝ 2024 թ.-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել էր ռեկորդային մակարդակի՝ շուրջ 12 մլրդ դոլարի, իսկ 2025 թ.-ին կրճատվել էր մինչև մոտ 8 մլրդ դոլար:


«Այս տարի տեղի է ունենում ապրանքաշրջանառության դրամատիկ անկում՝ 2025 թ.-ի համեմատ մոտ երկու երրորդով: Իրավիճակն այնպիսին է, որ, ակնհայտորեն, այն հետագայում ևս կրճատվելու է»,- հայտարարել է Օվերչուկը:


ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Ռուսաստանը մնում է Հայաստանի խոշորագույն արտաքին առևտրային գործընկերը: 2026 թ.-ի հունվար-մայիսին հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը կազմել է 2.2 մլրդ դոլար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 20.5%-ով: Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է 3%-ով՝ հասնելով 1.03 մլրդ դոլարի, իսկ Ռուսաստանից ներմուծումը՝ 30.6%-ով՝ հասնելով 1.22 մլրդ դոլարի:


2025 թ.-ի արդյունքներով հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը կազմել է 7.66 մլրդ դոլար՝ տարվա ընթացքում նվազելով 38.3%-ով:


Դեպի ՌԴ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին


Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների նկատմամբ՝ դա բացատրելով բուսասանիտարական պահանջների խախտումներով: Սահմանափակումների ներքո են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային և խմելու ջուրը, որոշ ապրանքանիշերի ալկոհոլային և ոչ ալկոհոլային արտադրանքը, բանջարեղենը, մրգերը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չրերը, ավելի ուշ՝ թարմ ձուկն ու ձկնամթերքը, կաթնամթերքը:


Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը:


 


 

Leave a comment