TRIPP-ը, Մոսկվայի հաշվարկները եւ Արեւմուտք–Ռուսաստան դիմակայության խորացող հետեւանքները Երեւանի համար
Վերջին շրջանում Հայաստանի շուրջ ձեւավորվող քաղաքական դիսկուրսը դուրս է գալիս երկկողմ հարաբերությունների նեղ շրջանակից՝ աստիճանաբար տեղափոխվելով գլոբալ աշխարհաքաղաքական հակադրությունների լայն համատեքստում։ ԱՄՆ–Ռուսաստան դիմակայության նոր փուլը, Եվրամիության դերակատարության վերաիմաստավորումը եւ Հարավային Կովկասի հաղորդակցային նախագծերի նկատմամբ աճող հետաքրքրությունը Հայաստանը դարձնում են ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջբեւեռային մրցակցության զգայուն հանգույց։
Այս իրողությունների ֆոնին առանձնահատուկ նշանակություն է ստանում «Միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար Թրամփի երթուղի» (TRIPP) նախագիծը, որը փաստացի վերածվում է քաղաքական լակմուսի թեստի՝ ցույց տալու համար, թե ինչ սահմաններում են հնարավոր շահերի համընկնումներ, փոխզիջումներ կամ սրացումներ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, եւ ինչ դերակատարում է այդ գործընթացներում վերապահվում Հայաստանին։
Մոսկվայի ներգրավվածությունը՝ ազդեցության պահպանման բացահայտ ձգտումներով
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունները, որոնք նա հնչեցրել է «Россия -24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հստակորեն վկայում են Մոսկվայի հաշվարկված եւ բազմաշերտ մոտեցման մասին։ Դեսպանը մի կողմից ընդգծում է, որ Ռուսաստանը ուշադիր հետեւում է TRIPP նախագծի շուրջ զարգացումներին, իսկ մյուս կողմից՝ հայտարարում է այդ նախաձեռնությանը միանալու հնարավորությունը քննարկելու պատրաստակամության մասին՝ հատկապես երկաթուղային ոլորտում հայ-ռուսական սերտ համագործակցության համատեքստում։
Այս դիրքորոշումը վկայում է, որ Մոսկվան չի ցանկանում եւ չի պատրաստվում հայտնվել գործընթացներից դուրս մղվածի կարգավիճակում։ TRIPP նախագիծը Ռուսաստանի համար դիտարկվում է ոչ թե պարզապես ամերիկյան ազդեցության գործիք, այլ հնարավոր հարթակ՝ վերահսկելի ներգրավվածության միջոցով սեփական դերակատարությունը Հարավային Կովկասում պահպանելու հստակ նպատակով։ Այդ հաշվարկի առանցքում է ենթակառուցվածքային մասնակցությունը. երկաթուղային հաղորդակցությունները Հարավային Կովկասում շարունակում են մնալ ռազմավարական նշանակության ոլորտ, որտեղ Ռուսաստանը դեռեւս ունի ինստիտուցիոնալ եւ տեխնիկական լուրջ ներկայություն։
Պատմական միջնորդից մինչեւ ապագայի պահանջատեր
Կոպիրկինի արձանագրումը, որ Ռուսաստանը կանգնած է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ակունքներում, նպատակ ունի հիշեցնել, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Մոսկվան իրեն համարում է ոչ թե դիտորդ, այլ գործընթացի համահեղինակ, հիմնական խաղացող։ Նրա կողմից արձանագրումը 2020–2022 թվականներին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին փաստացի ուղերձ է, որ առանց Ռուսաստանի մասնակցության ցանկացած նոր երթուղի կամ միջանցք ընկալվելու է որպես այդ պայմանավորվածությունների վերանայման փորձ։
Արեւմուտքի հետ մերձեցումը որպես ռազմավարական ռիսկ Մոսկվայի համար
Հայաստանի մերձեցումը Եվրամիության եւ ընդհանրապես Արեւմուտքի հետ ռուսական դիվանագիտական դիսկուրսում ներկայացվում է որպես գործոն, որը ստեղծում է նոր եւ լուրջ մարտահրավերներ Մոսկվա–Երեւան հարաբերությունների համար։ Դեսպան Կոպիրկինի հայտարարությունները Եվրամիության ռազմականացման եւ բացահայտ հակառուսական քաղաքականության մասին փաստացի վերարտադրում են այն դիրքորոշումը, որը օրեր առաջ ավելի կոշտ ձեւակերպումներով հնչեցրել էր նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Օվերչուկը հայտարարել էր, որ Երեւանը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ Եվրամիությունը աստիճանաբար դադարում է լինել զուտ տնտեսական միություն եւ վերածվում է ռազմաքաղաքական բլոկի։ Այս հայտարարությունը կարեւոր է, քանի որ այն ցույց է տալիս, որ Մոսկվան ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը դիտարկում է ոչ թե որպես տնտեսական ընտրություն, այլ որպես անվտանգային եւ ռազմավարական կողմնորոշման հստակ փոփոխություն։
Լավրովի ուղերձը՝ անվտանգային սպառնալիքով
Այս ընդհանուր խորապատկերի մեջ է տեղավորվում նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը, թե՝ «Հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող հարձակումների մասին պնդումները տարօրինակ են»։ Այս արտահայտությունը փաստացի ուղղված է հայկական քաղաքական եւ հանրային դիսկուրսում տարածվող այն թեզերին, թե Ռուսաստանից կամ ՀԱՊԿ-ից կարող են բխել անվտանգային սպառնալիքներ։
Լավրովի հայտարարությունն ի ցույց է դնում խոր հակասություն. եթե Երեւանը փորձում է արդարացնել անվտանգային համակարգի վերանայման անհրաժեշտությունը նոր սպառնալիքների մատնանշմամբ, ապա Մոսկվան այդ պնդումները ներկայացնում է որպես չափազանցված կամ քաղաքականապես նվազ մոտիվացված։
ՌԴ ԱԳՆ-ի կոշտ նախազգուշացումը
Հունվարի վերջին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հատուկ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ կազդի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վրա, կարելի է դիտարկել որպես արդեն ինստիտուցիոնալ մակարդակով հնչեցված նախազգուշացում։ Սա այլեւս ոչ թե դեսպանի կամ առանձին պաշտոնյայի կարծիք էր, այլ դիրքորոշում, որը ենթադրում է հետեւանքների ամբողջական փաթեթ՝ քաղաքական, տնտեսական եւ հնարավոր է նաեւ անվտանգային ոլորտներում։
TRIPP-ը՝ որպես հնարավոր պայմանավորվածությունների հարթակ
Այս բոլոր ազդակների ֆոնին TRIPP նախագիծը վերածվում է յուրօրինակ փորձաքարի՝ պարզելու համար, թե որքանով են ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պատրաստ գործնական համագործակցության, թեկուզ սահմանափակ ոլորտներում։ Տեսականորեն հնարավոր է, որ կողմերը փորձեն գտնել փոխադարձ ընդունելի մոդել, որտեղ Ռուսաստանը չի բացառվի նախագծից, իսկ ԱՄՆ-ը կպահպանի նախաձեռնության քաղաքական հեղինակությունն՝ իր ազդեցությամբ եւ վերահսկողությամբ։
Սակայն նման պայմանավորվածությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե TRIPP-ը չընկալվի որպես հակառուսական նախագիծ։ Այդ պարագայում այն կարող է վերածվել բազմակողմ հաղորդակցային հարթակի, որտեղ յուրաքանչյուր կողմ կփորձի առավելագույնս պաշտպանել սեփական շահերը։
Երեք հավանական սցենար Հայաստանի համար
Ինչ հնարավոր սցենարներ կարելի է պատկերացնել ստեղծված իրավիճակում։
Առաջին սցենար. Հայաստանը փորձում է պահպանել երկխոսությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ՝ խուսափելով կտրուկ քայլերից։ TRIPP նախագիծը զարգանում է դանդաղ տեմպերով, իսկ Մոսկվան պահպանում է իր ազդեցության հիմնական լծակները։
Երկրորդ սցենար. Հայաստանը խորացնում է համագործակցությունը ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ, ինչը հանգեցնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը՝ տնտեսական եւ քաղաքական հետեւանքներով։ Այս դեպքում TRIPP-ը կարող է դառնալ Մոսկվայի հետ հարաբերություններում սրման դաշտ։
Երրորդ սցենարը, երբ մեծ տերությունների պայմանավորվածության հանգեն։ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը սահմանափակ համաձայնության են գալիս հաղորդակցային նախագծերի շուրջ, իսկ Հայաստանը դառնում է այդ պայմանավորվածության շահառու, բայց նաեւ՝ այդ պայմանավորվածություններից կախյալ կողմ։
Այսպիսով, Հայաստանը հայտնվել է ռազմավարական բարդ ընտրությունների փուլում, որտեղ յուրաքանչյուր քայլ ունի ոչ միայն անմիջական, այլեւ երկարաժամկետ հետեւանքներ։ TRIPP նախագիծը, Մոսկվայի զգուշավոր, բայց հետեւողական ուղերձ-նախազգուշացումները, Արեւմուտքի հետ մերձեցման գործընթացը եւ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամը մեկ ամբողջական շղթայի օղակներ են։
Այս պայմաններում Հայաստանի համար կենսական նշանակություն ունի սառը հաշվարկը, քանի որ առանց հստակ ռազմավարության մեր պետությունը կարող է վերածվել մեծ խաղացողների մրցակցության դաշտի, ինչը չի կարելի թույլ տալ։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.02.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: