Ոչ մարտական պայմաններում զոհերի թվաքանակի աճը մտահոգիչ մարտահրավեր է բանակին. բացօթյա քննարկում

Հայկական բանակում ոչ մարտական պայմաններում գրանցված զոհերի՝ սպանությունների, ինքնասպանությունների և բռնությունների վերջին տարիներին գրանցված կտրուկ աճը մտահոգիչ չափերի են հասել։

Այս մարտահրավերը հարկադրել էր պրոֆեսիոնալ զինվորական, Արցախյան պատերազմների բովով անցած Արման Պետրոսյանին բացօթյա քննարկում կազմակերպել շահագրգիռ անձանց մասնակցությամբ։

1.Ոչ մարտական պայմաններում գրանցված զոհերը բանակում. պատահական դեպքե՞ր, թե՞ համակարգային խնդիր։

2. Ի՞նչն է բերում սպանությունների, ինքնասպանությունների և բռնությունների։

3. Ինչպե՞ս կանխել ոչ մարտական զոհերը և ստեղծել անվտանգ բանակ։

Օղակաձև զբոսայգում՝ ՆԵՄԵՍԻՍ-ի հուշակոթողի մոտ հավաքվել էին տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ նախկին զինծառայողներ, մանկավարժ, հոգեբան, հետաքննող լրագրող, իրավապաշտռպան, բանակի խնդիրներով մտահոգ մարդիկ։

Քննարկմանը վեր հանվեցին արատավոր երևույթները ծնող պատճառները՝ սկսած ընտանիքներում, նախակրթական հիմնարկներում և դպրոցներում տղա երեխաների սխալ դաստիարակությունից, մինչև այդ ինստիտուտների համագործակցության գրեթե իսպառ բացակայություն, պատանիներին զինվորական ծառայության ոչ ճիշտ նախապատրաստում, զինծառայության ընթացքում զինվոր-սպա անառողջ փոխհարաբերություններ, որակյալ սպայական կազմի դեֆիցիտ, զինծառայության սխալ կազմակերպում ու հանրային վերահսկողության բացակայություն:

Մասնակիցները միակարծիք էին, որ անհրաժեշտ է ընդլայնել այս կարևոր խնդրի քննարկման մասնակիցների շրջանակը, առաջարկները կանոնակարգել, մեկ ընդհանուր փաթեթի տեսքով փոխանցել Պաշտպանության նախարարությանը և հետամուտ լինել, որպեսզի դրանք քննարկման թեմա դառնան գերատեսչությունում և գործնական կիրառություն ստանան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment