Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախկին տնօրեն, այժմ պատգամավոր Դավիթ Ղազինյանը գործող իշխանությանը մեղադրել է ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունը սեփականատիրոջից խլելու մեջ։

«Դուք մինչև 1 միլիարդ դոլար արժեք ունեցող ընկերություն եք խլում։ Խլել եք, որովհետև ուժայիններն են ձերը, Քննչականն է ձերը, Ազգային ժողովն է ձերը, ԱԱԾ-ն է ձերը։ Միայն հանկարծ որևիցե մեկը չմտածի, որ Սամվել Կարապետյանից կարող է այս գրիչը խլի»,- ասել է նա։ 

Պատգամավորի որակմամբ՝ տեղի ունեցածը դասական «ռեյդերական զավթում» է. «Սա կոչվում է ռեյդերական զավթում (рейдерский захват), որովհետև վերցրեցին մարդու սեփականության վրա բերեցին օրենքը փոխեցին… կառավարիչը նշանակեցին՝ իշխող կուսակցության վարչության անդամին»։

Խոսելով ընկերության ձեռքբերման պատմության մասին՝ Ղազինյանը հիշեցրել է, որ 2015-ին Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը գնել է պետության խնդրանքով, երբ ընկերությունը սնանկության շեմին էր։ 

Պատգամավորը շեշտել է, որ շուրջ 700 միլիոն դոլարի ներդրումներ են կատարվել, և Կարապետյանը սեփական միջոցների հաշվին զսպել է սակագնի թանկացումը․ «10 տարվա ընթացքում զրո դրամ է ՀԷՑ-ի նախաձեռնությամբ թանկացվել։ Սամվել Կարապետյանը ինձ փաստաբանի միջոցով փոխանցել էր՝ 10 տարի չեմ թանկացրել, ևս 10 տարի չեմ թանկացնելու սեփական փողերի հաշվին»։

Ելույթի վերջում պատգամավորը հանդես է եկել առաջարկով՝ կոչ անելով բանավեճ կազմակերպել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի և ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հետ։

«Խնդրում եմ՝ դո՛ւք կազմակերպեք ուղիղ եթերում բանավեճ։ Դուք մեր հայրենակիցներին ասում եք՝ ՀԷՑ-ը թալանել են, ՀԷՑ-ը սա են արել… ես պատրաստակամություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ հետ՝ ՔՊ 64 պատգամավորի և կառավարության անդամների հետ բանավիճել այս թեմայով»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment