Նիկոլն ու Ալիևը «բանակցում» են ընդդեմ Հայաստանի․ Դավթյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը շեշտում է՝ իրական խաղաղությունը Ադրբեջանի առաջ քաշած պահանջների կատարումը չէ։

Նա գրել է․

«Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով։ Իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով։

Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսում է «դե ֆակտո խաղաղության» մասին, բայց նույն ելույթում առաջ է մղում Ադրբեջանի համար կարևոր պահանջներն ու ձևակերպումները՝ Հայաստանի տարածքով «անխոչընդոտ» կապ, TRIPP-ը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում, և ադրբեջանցիների «վերադարձի իրավունքի» մասին թեզը։

Սա պետք է լինի Հայաստանի համար ազդանշան, որ Նիկոլը ու Ալիևը «բանակցում» են ընդդեմ Հայաստանի։

Հայաստանը չի կարող միայն արձագանքել Բաքվի ձևակերպումներին։ Հայաստանը պետք է իր օրակարգը դնի բանակցությունների սեղանին, ինչը ցավոք սրտի մոլորվել է ու դարձել մանրադրամ։

Հայաստանի օրակարգը պետք է հստակ լինի՝ ինքնիշխանություն՝ առանց բացառությունների, տարածքային ամբողջականություն՝ առանց երկիմաստությունների,

սահմանների անձեռնմխելիություն՝ առանց վերապահումների, փոխադարձություն՝ յուրաքանչյուր պայմանավորվածության հիմքում և անվտանգություն՝ ոչ թե հայտարարություններով, այլ իրական կարողություններով։

Եթե Բաքուն միջազգային հարթակներում ներկայացնում է, թե ինչպիսին պետք է լինի տարածաշրջանի ապագան, ապա Հայաստանի իշխանությունը պարտավոր է նույն հարթակներում հստակ ասել՝ որտեղ են Հայաստանի կարմիր գծերը։

Խաղաղությունը չի կարող նշանակել, որ մի կողմը պահանջներ է ձևակերպում, իսկ մյուսը միայն իրականացնում է դրանք։

Ուժեղ Հայաստանը պետք է լինի ոչ թե Բաքվի օրակարգի մեկնաբանը, այլ իր օրակարգի հեղինակը»։

Leave a comment