«Ես ինչ ասել եմ՝ տեղի է ունենում․ նիստերն անցնում են շատ քաղաքակիրթ, բարեկիրթ, չափված-ձևված, հետևաբար այն հիմնական նպատակը, որ դրել էի իմ առջև, առնվազն այս պահի դրությամբ կատարված է»,- խորհրդարանում ԱԺ նախագահի պաշտոնում լրագրողների հետ իր առաջին ճեպազրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով լրագրողի հիշեցմանը, որ նախընտրական փուլում ինքը խոստացել էր «դաստիարակչական աշխատանքներ» տանել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի նկատմամբ։
«Ես ասել եմ, որ հենց գամ, կոպտելո՞ւ եմ իրենց։ Մարդկանց բարեկրթության դաշտ բերելու տարբեր ձևեր կան, ամենևին միայն կոշտ ու կոպիտ մեթոդներով այդ ձևերը չեն սահմանափակվում։ Իմ նպատակը եղել է և շարունակում է մնալ հետևյալը, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում առնվազն տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ։ Ես կարծում եմ, որ թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում։ Ես իմ գոհունակությունն եմ հայտնում այդ առումով։ Ես ընդդիմությանն առաջարկել եմ այս տրամաբանությամբ, բայց նաև ասել եմ, եթե ընդդիմությունն ընտրի այլ տրամաբանություն, մենք առավել քան պատրաստ ենք նաև այլ տրամաբանության։ Ես ուրախ եմ, որ դրա կարիքը մինչ այս պահը չի եղել»,- ասաց նա։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ իր ԱԺ նախագահ դառնալուց հետո իր կինը շարունակելո՞ւ է աշխատել ԱԺ-ում։
«Իմ կինը Ազգային ժողովում աշխատել է ինձնից առաջ, այսինքն՝ երբ ես դեռ այստեղ չէի, ինքը այստեղ աշխատում էր։ Հիմա դեկրետի մեջ է իմ կինը և, ամենայն հավանականությամբ, դեկրետից հետո չի վերադառնա այլևս Ազգային ժողով»,- պատասխանեց Ռուբեն Ռուբինյանը։
Հարց հնչեց նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում իրեն փոխարինողի մասին։ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ չգիտի, թե ով է իրեն փոխարինելու․ «Չեմ մտածել, եթե կառավարությունն իմ խորհրդի կարիքն ունենա, կքննարկենք, բայց այդ հարցը կառավարության տիրույթում է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Իսկ թե ինքն ի՞նչ է պատրաստվում անել, որպես ԱԺ նախագահ, հայ գերիների վերադարձի ուղղությամբ, Ռուբինյանը պատասխանեց. «Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ գիտեք, որ այդ հարցն ամենօրյա աշխատանքի մաս է, այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք, և այդ աշխատանքը երբեք չի դադարում։ Եղել են ամիսներ, երբ որևէ շարժ չի եղել, էլի քննարկումներ եղել են նրա մասին, որ կառավարությունը բան չի անում, բան չի անում, բայց հանկարծ մեկ էլ մի օր վերադարձել են հերթական գերիները։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ դա հնարավորինս արագ տեղի ունենա, և, բնականաբար, մենք էլ խորհրդարանական մակարդակում, ինչպես աշխատել ենք այդ ուղղությամբ, այնպես էլ կաշխատենք»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: