Սեպտեմբերի 27-ին տեղական ինքնակառավարման ընտրություններ են կայանալու Արմավիրի, Լոռու եւ Կոտայքի մարզերի մի քանի համայնքներում։ Մասնավորապես Արմավիրի Ֆերիկ ու Կոտայքի Արզնի համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են, Լոռու մարզի Թումանյան համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու, իսկ Լերմոնոտվո համայնքում՝ համայնքի ղեկավարի ու ավագանու մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են։
Մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններում առաջադրվող թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ կարող են ներկայացնել օգոստոսի 23-ից մինչեւ օգոստոսի 28-ը, ժամը 18․00։ Թեկնածուների գրանցումը կկատարվի օգոստոսի 28-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը, իսկ նախընտրական քարոզարշավի մեկնարկը սեպտեմբերի 7-ից է։ Այն կավարտվի քվեարկության օրվանից 1 օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 24․00-ին։
Համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններում առաջադրվող կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պիտի ներկայացնեն օգոստոսի 13-ից մինչեւ օգոստոսի 23-ը, ժամը 18․00։ Ընտրացուցակների գրանցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները պիտի անեն քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ, այսինքն մինչեւ օգոստոսի 28-ը։ Նախընտրական քարոզարշավը սեպտեմբերի 2-ից մինչեւ սեպտեմբերի 25-ն է։
Ի դեպ, Թումանյան համայնքում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 4953 ընտրող, Արզնիում՝ 2344, Լերմոնտովոյում՝ 725, իսկ Ֆերիկում՝ 250 ընտրող։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: