Ուկրաինայի ԶՈւ-ն ՌԴ-ում հարվածել է Wildberries-ի երկու պահեստի

Վոլգոգրադում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Այդ մասին հայտնել է ընկերությունը՝ հավելելով, որ նախնական տվյալներով՝ զոհեր չկան: Ուկրաինական Telegram մոնիթորինգի Exelinova+ ալիքը պարզաբանում է, որ հարձակումը տեղի է ունեցել 44,000 քառակուսի մետր մակերեսով Wildberries բաշխման կենտրոնի վրա: Սա հաստատվում է ASTRA-ի OSINT վերլուծությամբ:

 

Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հաստատել է տարածաշրջանում անօդաչու թռչող սարքի հարձակումը: Նա ասել է, որ վնասվել է բնակելի շենք, և հրդեհ է արձանագրվել «վառելիքաէներգետիկ համալիրի արդյունաբերական ձեռնարկությունում»: Exelinova+-ի և ASTRA-ի տվյալներով՝ սա Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկը՝ Lukoil-Volgogradneftepererabotka-ն է:

 

ASTRA-ի OSINT վերլուծության համաձայն՝ հարձակման է ենթարկվել նաև Թաթարստանի Զելենոդոլսկ քաղաքում գտնվող Wildberries լոգիստիկ կենտրոնը: Հարձակումից հետո շենքի վերևում ծուխ է նկատվել: WB-ի այս պահեստը նախկինում հարձակման է ենթարկվել հուլիսի 23-ին:

 

Սվերդլովսկի և Չելյաբինսկի մարզերում անօդաչու թռչող սարքի տագնապ է հայտարարվել: Սոչիի օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը: Ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել նաև Նիժնի Նովգորոդի և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքների օդանավակայաններում։ Լուրերն ամփոփել է DW-ն։

Leave a comment