Երևանում անցկացվել են հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ․ РБК-ի անդրադարձը

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին, Երևանում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանն հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Էնդրյու Լումիսը, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը։

РБК-ի փոխանցմամբ՝ Լումիսն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել այդ բարեփոխումների շրջանակում իրականացվող բանակի ձևափոխման գործընթացներին՝ ներդնելով իր բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ խորհրդատվական աջակցության, փորձի փոխանակման և այլ ոլորտների ծրագրերի տեսքով։

Հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 18-ին Երևանում։ Դրանց մասնակցել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարը և Պենտագոնի պատվիրակությունը։

Ինչպես նշում է РБК-ն, Հայաստանի և ԱՄՆ-ի զինվորականները պարբերաբար անցկացնում են խորհրդակցություններ և զորավարժություններ։ 2023 թվականին կողմերն արդեն քննարկել էին հայկական բանակում իրականացվող բարեփոխումները, որոնց շրջանակում ԱՄՆ-ն աջակցություն էր խոստացել զինված ուժերի պրոֆեսիոնալացման, սերժանտական կազմի ամրապնդման, կառավարման համակարգի արդիականացման, խաղաղապահության, ռազմական բժշկության, կրթության և մարտական պատրաստության ոլորտներում։

Հունիսին Հայաստանում անցկացվել են Eagle Partner 2026 («Արծիվ-գործընկեր 2026») զորավարժությունները՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հունաստանի զինվորականների մասնակցությամբ, որոնք ուղղված էին միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստվելուն։ Նմանատիպ զորավարժություններ անցկացվել էին նաև 2023, 2024 և 2025 թվականներին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, մեկնաբանելով այդ վարժանքները, նշել էր, որ դրանց անցկացումը «չի նպաստում իրավիճակի կայունացմանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment